Saturday, February 20, 2010

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Հայ-թուրքական արձանագրությունները

/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Հայ-թուրքական արձանագրությունները: Ըստ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, անկախ հանձնաժողովի եզրակացությունից, Արձանագրությունները կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի օրակարգում: «Սակայն հանձնաժողովի անունից ես կառաջարկեմ ՀՀ ԱԺ խոսնակին, որ Արձանագրությունները հանձնաժողովի եզրակացությունից առաջ քննարկվեն բոլոր խմբակցություններում: Մենք որոշեցինք ստեղծել աշխատանքային խումբ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից, որը մինչեւ փետրվարի 22-ը կներկայացնի հանձնաժողովում եւ խորհրդարանում Արձանագրությունների քննարկման հստակ ընթացակարգը: Փաստաթղթերը հարկավոր է քննարկել խորհրդարանի բոլոր մշտական հանձնաժողովներում եւ կրկին լսումներ կազմակերպել»,-ասել է Ռուստամյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովի անդամ Էռնեստ Սողոմոնյանը, պետք չէ սկսել Արձանագրությունների քննարկումը խորհրդարանում, քանի դեռ Թուրքիան քայլ չի կատարել դրանց վավերացման ուղղությամբ: «Դա ազգային արժանապատվության հարց է: Թող իրենք սկսեն քննարկումը, իսկ մենք հետո կտեսնենք, թե ինչ ենք անելու»,-ասել է Սողոմոնյանը: Նիստում ներկայացվել է նաեւ օրակարգում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի սանձազերծման համար պատասխանատվության մասին օրինագծի որոշման նախագիծը, որն ընդունվեց միաձայն: Օրինագծի հեղինակը ՀՅԴ խմբակցությունն է: Հանձնաժողովը հավանություն է տվել նաեւ օրակարգում ՀՀ կառավարության ներկայացրած «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդգրկմանը: Փոփոխություն է նախատեսվում այն մասում, որ Հայաստանը կարող է ետ կանչել իր ստորագրությունը, եթե միջազգային պայմանագիրը հակասում է պետության շահերին: Այդ հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` նշելով, որ ստորագրություն ետ կանչելն ընդունված միջազգային պրակտիկա է, որ ամրագրված է Վիեննայի կոնվենցիայով: «Մենք պետք է հստակեցնենք Հայաստանի օրենսդրական դաշտը եւ պարզություն մտցնենք այն հարցում, թե որ կազմակերպություններն իրավունք ունեն կնքել միջազգային պայմանգրեր»,-ասել է Քոչարյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

No comments: