Saturday, February 27, 2010

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանի դիրքորոշումը կառուցողական է

/PanARMENIAN.Net/ 26.02.2010 - «Ես համաձայն եմ փետրվարի 25-ին Կիեւում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահի կատարած հայտարարության հետ այն մասին, որ Թուրքիան պետք է առաջինը ապաշրջափակի հայ-թուրքական սահմանը»,- ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Մարգարյանի խոսքով, եթե Թուրքիան «առանց փակ սահմանների» տարածաշրջան է ցանկանում, ապա պետք է բացի հայ-թուրքական սահմանը: «Եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացում Հայաստանի դիրքորոշումը կառուցողական է»,- ընդգծեց նա: Անդրադառնալով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագծի ընդունմանը` պատգամավորը նկատեց, որ այն չի ընդունվել կոնկրետ հայ-թուրքական ստորագրված Արձանագրություններն ընդհատելու համար: «Այդ օրինագծով Հայաստանի նախագահին իրավունք է ընձեռվում դադարեցնելու միջազգային պայմանագրերը, անկախ այն բանից, թե կնքման որ փուլում են դրանք գտնվում»,- ընդգծեց Մարգարյանը: Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե երբ են լրանում Արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետները, պատգամավորը նկատեց, որ այդ հարցին շուտով կանդրադառնան նաեւ միջազգային տերությունները: «Ոմանց համար խելամիտ ժամկետը մարտի 4-ն է, երբ ԱՄՆ արտաքին հարաբերությունների գծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը քվեարկության կառաջադրի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը»,- ընդգծեց նա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

No comments: