Wednesday, February 10, 2010

ԴԻՎԱՆԱԳԻՏՈւԹՅՈւՆԸ ԵՐԵԿ ՉԻ ՍԿՍՎԵԼ, ՈՐ ԱՅՍՕՐ ՎԵՐՋԱՆԱ

Report.am. 10-2-2010- «Պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ ԱՄՆ հետախուզության բաց տեքստով արված զեկույցի գլխավոր պարունակությունը ավելի շատ Ռուսաստանի ուղղված մեսիջ էր, որը շարունակում է Հարավային Կովկասում գործադրել եռակողմ ֆորմատներ, և սա հորդոր-նախազգուշացում է, թե դա ինչի կարող է հանգեցնել»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա նաև ասում է, որ վերջին մեկ տարում ռազմաքաղաքական իրավիճակը որևէ փոփոխությունների չի ենթարկվել: Փորձագետը համաձայն չէ մի շարք գործընկերների այն կանխատսումների հետ, որ երբ վերջանում է դիվանագիտությունը, սկսվում են ռազմաշունչ հայտարարությունները, և հետևաբար, մեծանում է պատերազմի վերսկսման վտանգը: «Ո՞վ ասաց, որ դիվանագիտությունը վերջանում է. ի վերջո, այդ դիվանագիտությունը երեկ կամ երեկ չէ առաջին օրը չի սկսվել, որ այսօր վերջանա»,-նշեց փորձագետը ու կարծիք հայտնեց, որ նման ենթադրություների պատճառը այն ժամկետի լրանալն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տվել են երկու երկրների նախագահներին՝ բանակցությունների կարգավորման վերաբերյալ վերջնական առաջարկներ ներկայացնելու համար։ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ` միջազգային հանրության կողմից ներկայում կարևորվում է, որ գործընթացը շարունակվի և վերահսկելի լինի: Ադրբեջանից հնչող նմանատիպ արտահայտությունները, քաղաքագետի խոսքով, պարզապես կաբինետային բոնապարտիզմի դրսևորում են կամ գործիքներ, որոնք սկսել են չարաշահվել այդ երկրի դիվանագիտության կողմից: Ռուբեն Մեհրաբյանը անդրադարձ կատարեց նաև կրակի դադարեցումից հետո հակամարտող կողմերի արած «խաղադրույքներին» և տարածաշրջանում ուժերի հաշվեկշռին, որը փոխվել է. ըստ նրա, այստեղ արդեն միանշանակ չէ ռուսների մենաշնորհային դիրքը, և դա նրանք էլ են հասկանում: Ինչ վերաբերում է մեր և ադրբեջանցիների դիրքերին, ապա, ըստ պատկերավոր ներկայացման, եթե անցած տասնամյակում երկու հայկական պետությունները բանակցում էին Ադրբեջանի հետ, իսկ ավելի ուշ՝ Հայաստանը միայնակ էր բանակցում Ադրբեջանի հետ, ապա «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկով արդեն միայնակ Հայաստանը գործ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Փորձագետը բավական մռայլ կանխատեսումներ է անում Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ. հակամարտության «չլուծվածությունը» չի աշխատելու հայկական կողմի օգտին, որը չունի այն ռեսուրսները, ինչ որ Ադրբեջանը: Աթենքում ԵԱՀԿ նախարարների կոմիտեի ընդունած փաստաթղթում, որում առկա են թե՛ ազգերի ինքնորոշման, և թե՛ տարածքային ամբողջականության սկզբունքները, գերապատվությունը տրվելու է վերջինին: Սկզբունքների և ժամկետների մասով կոնսենսուսը, ըստ փորձագետի, առկա է, հարցը միայն տեմպերի մեջ է: Այս համատեքստում կանխատեսվեց Ռուսաստանի դիրքերի թուլացում և Վաշինգտոնի ուժեղացում Հարավային Կովկասում: Հայ-թուրքական հարաբերությունները, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, ներկայում սառեցման փուլում են, ում կողմի՞ց, ըստ նրա, կարևոր էլ չէ, որովհետև «Հայաստանը գտնվում է ոչ թե տանողի, այլ տարվողի կարգավիճակում»: Ռուբեն Մեհրաբյանը, լինելով ռազմական փորձագետ, համաձայնեց այն մտքի հետ, որ պաշտպանության նախարարի` 5 օրով արտերկրում գտնվելը մեծ ժամկետ է: «Այո՛, ես էլ եմ կիսում Ձեր այդ տպավորությունը»,- ասաց նա: Ղարաբաղյան պատերազմի վետերանների 3 հասարակական կազմակերպությունների բավականին վերջնագրային տոնայնությամբ գրված հայտարարությունը, որով իշխանություններին 21 օր ժամանակ է տրվում Մարդրիդյան սկզբունքները և Ճանապարհային քարտեզը գաղտնազերծելու համար, Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, հասկանալի է և բնական. մարդիկ լրջորեն անհանգստացած են թե՛ առաջինով, և թե՛ երկրորդով, մանավանդ որ դրանք շաղկապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ: Բայց միևնույն ժամանակ ռազմական փորձագետը պատմության մեջ բաց դիվանագիտության որև այլ դեպք չի հիշում, բացի մեկից. դա 1918-20 թվականներին վարվել է Խորհրդային Ռուսաստանի կողմից, երբ Լենինը գաղտնազերծել է ցարական Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության նրբերանգները: ԱՆՈւՇ ԴԱՇՏԵՆՑ

No comments: