Tuesday, February 23, 2010

News.am. 23-2-2010- 2010 թվականի փետրվարի 22-ին, ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակից առաջին անգամ գործարկվեց Լոս-Անջելես-Երեւան հեռուստակամուրջ-հաղորդաշարը: Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՌԱԿ լրատվական ծառայությունից, նախագիծը իրականություն դարձավ (www.louysworld.com) հեռուստածրագրի երկարամյա ղեկավար Ստեփան Կիրեմիդջյանի և ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի ջանքերի շնորհիվ: Հեռուստակամուրջի գործարկման համար կարճ ժամանակահատվածում ձեռք բերվեց անհրաժեշտ տեխնիկա եւ ծրագրեր, որն էլ հնարավորություն ստեղծեց իրականացնելու շուրջօրյա Սփյուռք-Հայրենիք հեռուստակապը: «Լույսաշխարհ»-ի AABC 284 հեռուստաալիքի ունկնդիրներն են Լոս-Անջելեսի ողջ տարածաշրջանի 100.000-ից առավել գրանցված հայրենակիցներ, իսկ ինտերնետի միջոցով՝ տասնյակ երկրներ: «Նախագծի նպատակն է` սերտացնել կապերը աշխարհասփյուռ հայ մտավորականության, քաղաքական, հասարակական, մշակութային ոլորտների ներկայացուցիչների միջեւ, որոնք միտված կլինեն հայապահպանության ու հայրենասիրության, ազգային մտածողության, հոգեւոր եւ մտավոր արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Որպես հրատապ հարց՝ առաջին հեռուստակամուրջի թեմա էր ընտրվել Ջավախքի հայության ներկայիս հիմնախնդիրները: Այդ առիթով ՀՌԱԿ գրասենյակ էր հրավիրվել ԱԺ պատգամավոր, „Ջավախք“ հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, որն էլ ամերիկաբնակ հայ հեռուստադիտողին ներկայացրեց հայ-վրացական պետական ներկայիս անորոշ հարաբերությունները եւ դրանց հետեւանքները»,- ասված է ՀՌԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

No comments: