Tuesday, February 23, 2010

Ինչպե՞ս էին Խոջալուի դեպքերի մասին կեղծ լուրեր հասնում Ֆրանսիա Panorama.am. 23-2-2010- Ղարաբաղյան պատերազմը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Օտարազգի բազմաթիվ լրագրողներ էին մեկնել ռազմադաշտ՝ իրադարձությունները լուսաբանելու: Պարզվում է, ոչ բոլորն էին եկել աշխարհին ճշմարտությունն ասելու համար: Հարցազրույց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետքյանի հետ -Ինչպե՞ս ստացվեց, պարոն Ավետիքյան, որ օգնեցիք ֆրանսիացի լրագրողին կեղծ լուրեր հաղորդել Ֆրանսիա: -Խոջալուի դեպքերն էին, պատերազմական գործողություններն ընթանում էին: Հակասական լուրեր էին գալիս մերոնց գործողությունների վերաբերյալ, մեկ էլ կեսօրիեց հետո թուրքական հեռուստաընկերություն էինք նայում: Թուրքերը ցույց էին տալիս, ըստ երևույթին ուղղաթիռից արված նկար էր, գետնի վրա դիակներ էին: Հայերի կատարած սպանդն էին ներկայացնում: Էդ պահին դրան հակակշռող լուր չունեինք: Ձմեռ էր, նույն երեկոյան՝ ժամը 8-8:30-ի սահմաններում դաշնակցական երկու տղաներ ֆրանսիացի մի կին ժուռնալիստի բերեցին: Այն ժամանակ Հայաստանում ընդամենը երկու արբանյակային կապի միջոց կար՝ մեկը մերն էր, մյուսը Ամերիկայի հայկական համագումարինը: Այդ տղաները նրան Ղարաբաղից ուղեկցել էին այստեղ: Ասացին, որ իր հեռուստաընկերության համար պետք է հաղորդում պատրաստի: Խնդրեցին օգնել, դա վճարովի էր: Թույլ տվեցինք: Ֆլորանս Դավիդ էր անունը: Ես անցա իմ գործին, ինքը խոսեց խմբագրի հետ, հաղորդեց, թե ինչի մասին է հաղորդվելիք ինֆորմացիան: Ուղիղ եթեր էր: Լրագրողն ասում էր, որ այն տեսարանը, որ տարածվել է միջազգային լրատվամիջոցներով, /հենց այն տեսարանն էր, որ մենք տեսել էինք թուրքական հեռուստաընկերությամբ/, դիակների փոխանակման պահն է եղել: Այն տպավորությունը, թե նրանք անմիջապես տեղում զոհվածներ են, սխալ է: 10 րոպե դադարից հետո նա ուղիղ եթեր մտավ ու հաղորդեց: Եվ ես շշմեցի, բոլորովին հակառակ բան էր ներկայացնում՝ ասելով, թե հայերը այնտեղ ջարդել են: -Չընդհատեցի՞ք: -Չընդհատեցի: Ի՞նչը պիտի ընդհատեի: Չէի կարող ընդհատել: Ես չընդմիջեցի նրան, որովհետև սկզբում մենք չներկայացանք, չխոսեցինք, ես էլ բազմազբաղ վիճակում էի, և մի տեսակ էլ լավ եղավ, որ ինքը չգիտեր ես ֆրանսերեն գիտեմ. ազատորեն խոսում էր: Ինձ առավել ևս հետաքրքրում էր իր խմբագիրը, նա ի՞նչ դատ ուներ մեր դեմ, ինչո՞ւ էր ուզում որ այդպես գնա լուրը, որովհետև առանձին խոսակցության ժամանակ նա ճշմարիտ տեղեկությունները հայտնեց: Ինքը մեկնեց, առանց տեղյակ լինելու, որ ես ֆրանսերեն գիտեմ: Նրա մեկնելուց հետո ես մեր թերթում գրեցի այդ մասին, որ Ֆլորանս Դավիդը իր խմբագրի հետ խոսել է մեր խմբագրատանը: Նշեմ, որ այդ օրը մինչև ուշ գիշեր հայտնի դարձավ իրականությունը, այսինքն դիակների փոխանակում էր կատարվել այդ պահին: Երկուստեք համաձայնել էին դիակների փոխանակում անել: Ես սխալ բան չեմ արել, գրել էի, որ նա իր խմբագրի հետ խոսել է մեր խմբագրատանը, բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել: Այդպես էլ կարծես թե պատմությունը պրծավ: -Փաստորեն չպրծա՞վ: -Երկու օր հետո Ֆրանսիայից իմ ընկերներից Լևոն Քյաբաբջյանը զանգահարեց ու ասաց, որ «Ազգի» դեմ դատ է բացվել: Հարցրի՝ ո՞վ, ասաց՝ Ֆլորանս Դավիդը, լրագրող կանալ 2-ից, թե 5-ից, հիմա չեմ հիշում, ով եղել է Խոջալուում: Ես Լևոնին ասացի, որ փաստաբան գտնի, որովհետև դրսից դատ բացելը լուրջ բան է: Մեկ-երկու օր հետո Լևոնը կրկին հեռազանգեց, ասաց, որ հայցադիմումը ետ է վերցված: -Ինչո՞ւ: -Ինչուն ինքը չգիտեր, բայց ես անմիջապես հասկացա: Մինչ այդ Մութալիբովի հայտարարությունը եղավ Մոսկվայում, որը հաստատում էր այն, ինչ-որ ոչ միայն մենք էին գրել, այլև ժխտում էր թուրքաադրբեջանական ամբողջ պրոպագանդան՝ ասելով, որ հայերն այնտեղ միջանցք էին տվել, դա հատուկ արեցին, իրենք ջարդել տվեցին ժողովրդին, որպեսզի իշխանափոխություն իրականացնեն: Դրանից հետո Ֆլորանս Դավիդի դատը մեր դեմ իմաստ չէր ունենա, որովհետև ամբողջ աշխարհի առջև պատասխանատու մարդ էր հայտարարել: Այս է էպիզոդը, բայց ես չեմ կարող բացատրել, չգիտեմ, թե Ֆլորանս Դավիդը ինչու համար այդպես շահագրգռված էր հայերի դեմ: Չգիտեմ: -Ադրբեջանում նման բան դժվար թե լիներ: Ի՞նչ պետք է անենք նման դեպքերը բացառելու համար: -Պետք է նրանց հետ միշտ մարդ լինի, որ նրանց լեզուն հասկանա, պետք է իմանա` ով ինչով է զբաղվում: Ադրբեջանում դժվար թե թույլ տային նման բան, մերոնք են. որ օգնեցին, բերեցին, ապահով մի տեղ էլ գտան, որ նա կարողանար արագ թարմ լուր հատկացներ: Բայց այդ տարիներին մեր պետական բազմաթիվ ինստիտուտներ չկային, չէին գործում: Պետք է հետևել դրանց, և ոչ մի ձևով չօժանդակել: Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

No comments: