Monday, February 22, 2010

Հայկական լոբբի ջանքերը հնարավոր է ձախողել Երևանի հետ լավ հարաբերություններով. Sabah

Tert.am. 22-2-2010- Հայաստանի հետ հասարակական բնագավառում սերտ համագործակցությունը կարող է նպաստավոր լինել Թուրքիայի համար: Այս մասին գրում է թուրքական Sabah օրաթերթը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին: «Ներկա փուլում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կողմից արձանագրային գործընթացի սառեցումը և ղարաբաղյան հիմնախնդիրը որպես նախապայման առաջ քաշելը հայկական լոբբիի ջրաղացին ջուր է լցնում: Իսկ հայկական լոբբիի ծրագրերը ձախողելու ամենաազդեցիկ միջոցը Երևանի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատումն է»,- գրում է թուրքական պարբերականը` ավելացնելով, որ այդ նպատակի համար կարելի է օգտագործել Հայաստանի հետ հասարակական հարաբերությունները: «Թուրքիայում ներքին շարժընթացներն ու ազգայնական տրամադրությունները բարդացնում են արձանագրային գործընթացը: Այդ դեպքում ի՞նչ է պետք անել: Թուրքական դիվանագիտությունը պետք է մտածի Արձանագրություններից անկախ որոշ քայլեր իրականացնելու կառուցողական բանաձևերի մասին: Օրինակ` պետք է աջակցել Հայաստանի հետ մշակութային նախաձեռնություններին: Պետք է հայ լրագրողներին, գիտնականներին, արվեստագետներին, հասարակական կազմակերպություններին հրավիրել Թուրքիա: Չմոռանանք` Հայաստանի հետ իրականացվելիք ցանկացած դրական քայլ նպաստելու է Թուրքիայի գործերին ԱՄՆ Կոնգրեսում»,- եզրափակում է Sabah-ը:

No comments: