Friday, March 12, 2010

Պատրիկ Դեւեջյան. Որքան շատ բարձրաձայնվի Ցեղասպանության մասին, այնքան Թուրքիան կհասկանա ճանաչման անհրաժեշտությունը

News.am. 11-3-2010- Որքան աշխարհում խոսվի Հայոց ցեղասպանության մասին, այնքան Թուրքիան կհասկանա դրա ընդունման անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի տնտեսական վերելքի նախարար Պատրիկ Դեվեջյանը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Ինչպես Փարիզից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, Դեւեջյանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա այցելելու փաստին, նշել է. «Շատ լավ է, որ այս օրերին է Հայաստանի նախագահը Ֆրանսիայում, քանի որ այստեղ այժմ Թուրքիայի տարի է հռչակված, եւ շատ լավ է, որ նախագահը կարող է այստեղ լինել թեթեւ ժպիտով»: Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Դեւեջյանը նշել է, թե որքան աշխարհում խոսվի Հայոց ցեղասպանության մասին, այնքան Թուրքիան կհասկան դրա ընդունման անհրաժեշտությունը: Ըստ Դեւեջյանի՝ այդ դեպքում Թուրքիայի կառավարության համար էլ հեշտ կլինի ընդունել Ցեղասպանության փաստը: Նա ցավ հայտնեց, որ որոշ երկրների նախագահներ մինչ ընտրվելը նախընտրական խոստումներում միշտ նշում են, թե Ցեղասպանությունը կճանաչեն, բայց ընտրվելուց հետո մոռանում են նախընտրական խոստումները: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շատ կարեւոր է Ֆրանսիայում, ուստի 4 տարի առաջ ընդունվել է Ցեղասպանությունը ժխտելու համար պատասխանատվության ենթարկելու օրենքը»,- նշել է Դեւեջյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում: Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպել է նախագահ Նիկոլա Սարկոզիի, Ֆրանսիայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

No comments: