Saturday, March 6, 2010

Էրդողան. ԱՄՆ-ում Ցեղասպանության օրինագիծը քվեարկողներից քանի՞սը քարտեզի վրա կարող են ցույց տալ Հայաստանը

News.am. 6-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ Գյուլի պես կասկածում է ԱՄՆ Կոնգրեսմենների գիտելիքներին եւ աշխարհագրությունից նրանց տեղեկացվածությանը։ Թուրքիայի վարչապետը ելույթ է ունեցել Թուրքիայի գործարարների եւ արդյունաբերողների կոնֆեդերացիայի 3-րդ արտակարգ համաժողովում եւ անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված թիվ 252 հայկական բանաձեւին։ «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այս տարածքներում ամեն տնից էլ զոհեր են եղել։ Իհարկե այդ դառնությունները չենք մոռացել եւ չենք մոռանալու, սակայն այդ ցավալի իրադարձությունների վրա մեր ապագան չենք կառուցելու։ Մեծ պետությունները նախկինից պետք է դաս քաղեն եւ ապագային նայեն։ Նախորդ օրը ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայկական օրինագիծը 23-ը կողմ եւ 22-ը՝ դեմ քվեարկությամբ անցավ։ Հիմա ո՞վ հաղթեց՝ Հայաստա՞նը, թե ԱՄՆ-ը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այնպիսի մի իրադարձություն էր ստեղծվել, կարծես կատակերգություն լիներ։ Այնտեղ այո կամ ոչի պայքար էր ընթանում։ Մի՞ թե այդպիսի քվեարկության համակարգ է լինում։ Քվեարկողներից քանի՞սը կարող է քարտեզի վրա Հայաստանի տեղը ցույց տալ։ Կրկին հիշեցնում եմ, որ Թուրքիան մեծ երկիր է, եւ դա լավ չհասկացողները շուտով հասկանալու են։ Շատ պարզ եմ ասում, որ ԱՄՆ-ի կողմից ընդունած որոշումը Թուրքիային ոչ մի վնաս չի տա։ Կորցնողը մենք չենք, կորցնողը կարճ մտածողներն են»,-նշել է Էրդողանը։

No comments: