Saturday, March 6, 2010

Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված դիմումը

News.am. 5-3-2010- Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված դիմումը՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված հայերի Ցեղասպանության բանաձեւի հետ։ Դիմումը, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend News-ը, պատրաստվել է Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների եւ միջկառավարական կապերի մշտական հանձնաժողովի կոմիտեի ղեկավար Սամեդ Սեիդովի ղեկավարության ներքո։ Փաստաթղթում ափսոսանք է հայտնվում Կոմիտեի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստի առնչությամբ։ Ադրբեջանցի պատգամավորները հայտարարում են. «Հայոց ցեղասպանությունն իրականում հիվանդ երեւակայության արդյունք է։ Հայ ազգայնականները հետաքրքրված չեն փաստաթղթերի ուսումնասիրությամբ, քանի որ նրանց չի հետաքրքրում պատմական ճշմարտությունը. նրանք, հակառակը, շահագրգռված են սուտ տեղեկությունների տարածմամբ։ Հայերի կողմից շուրջ երկու միլիոն ադրբեջանցիներ եւ թուրքեր են ոչնչացվել»,- ասվում է փաստաթղթում։ Դիմումի մեջ նաեւ համոզմունք է հայտնվում, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունի բանաձեւը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո մարտի 4-ին հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող N252 բանաձեւը։ Օրինագծին կողմ են քվեարկել 23, դեմ՝ 22 կոնգրեսականներ։ Դրան ի պատասխան՝ Թուրքիան հետ է կկանչել ԱՄՆ-ում իր դեսպան Նամըք Թանին։

No comments: