
Մարտի 8-ին, Կանանց օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որում ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մարտի 8-ի տոնական առիթով:
Մեր մաղթանքն է, որ ընտանեկան հարկից ներս և արդի ժամանակներում նաև պետական-հասարակական անդաստանում նշանակալի դերակատարություն ունեցող կանայք Աստծո օրհնությամբ արդար ու բարի արգասիքներով արդյունավորեն իրենց առաքելությունը, նոր ձեռքբերումներով և հաջողություններով զարդարեն իրենց, մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքը:
Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի բոլոր տիկնանց և օրիորդաց, նրանց սրտերում միշտ զորավոր պահի հավատքն առ Աստված, անմնացորդ նվիրումի ու հավատարմության ոգին առ Հայրենին և ընտանիքը:
Երկնային շնորհներ, երջանիկ ու օրհնյալ կյանք Ձեզ, սիրելի մայրեր և քույրեր»:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
No comments:
Post a Comment