Saturday, March 13, 2010

Խայտառակ առաջնություն Թուրքիայում. Գլխավոր մրցավարը կաշառված էր

Tert.am. 12-3-2010- Անթալիայում ընթացող ուշուի Եվրոպայի առաջնությունն այս մարզաձևի պատմության վատագույններից մեկն էր, թե ոչ վատագույնը։ Այս մասին գրում է ArmSport.am–ի թղթակիցը մրցավայրից՝ նշելով, որ կազմակերպիչներն ամեն ինչ արել էին, որ Հայաստանի հավաքականը ձախողվի։ Առաջնության մրցավարական կոմիտեի ղեկավարն էր Գլեբ Մուզրուկովը, ուշու–սանդայի մրցավարական կոմիտեն գլխավորում էր Պիտեր Վորը (Մեծ Բրիտանիա), մրցավարական կոլեգիան նախապատրաստել էր ղազախստանաբնակ, Գերմանիան ներկայանցող Ալեքսանդր Ռադունցևը։ Վերջինիս պատրաստած մրցավարական կոլեգիան, ըստ աղբյուրի, աշխատեց բավական կողմնակալ և անգրագետ՝ թույլ տալով բազմաթիվ կոպիտ սխալներ գրեթե բոլոր մենամարտերում։ Մասնագետների կարծիքով՝ առաջնության սանդա–ուշուի գլխավոր մրցավար Պիտեր Վորին կաշառել էր Թուրքիայի ուշուի ֆեդերացիան։ Համենայն դեպս, մի շարք երկրներ հրապարակավ հայտնում էին իրենց դժգոհությունը և բարձրաձայնում կողմնակալ մրցավարության մասին։ Ըստ ArmSport.am–ի, հաշվի առնելով, որ Պիտեր Վորն անարդարության ամենամեծ մեղավորն էր ու չպատժվեց Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի կողմից, կարելի է եզրակացնել, որ նա կատարում էր հենց եվրոպական ֆեդերացիայի ղեկավարության հրահանգները։ Հայաստանի թիմը, ըստ աղբյուրի, կողմնապահության պատճառով կորցրեց հինգ մենամարտ։ Թեև հանդիպումները տեսագրվում էին մի քանի տեսախցիկներով (այդ թվում Հայաստանի ներկայացուցիչների կողմից), դա չէր խանգարում մրցավարներին կայացնել ապշեցուցիչ որոշումներ։ Այնուամենայնիվ, Հայաստանը կարողացավ մեծ թվով մեդալներ վաստակել (11, որոնցից 2-ը՝ ոսկե)։ Մարզական կայքի մասնագետների գնահատմամբ՝ վստահաբար կարելի է ասել, որ եթե առաջնությունը Թուրքիայի փոխարեն կայանար այլ երկրում, ապա մեր ընտրանին անհամեմատ ավելի շատ չեմպիոններ կունենար։

No comments: