Wednesday, March 24, 2010

ՊՈԼՍԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԺՎԱԾ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Իսկ որ Թուրքիայում 100 հազարից ավելի հայաստանցի չի էլ կարող լինել, անվիճելի փաստ է բոլորի համար «ԱԶԳ», 24-03-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը երկրում անօրինական գտնվող հայաստանցիներին վտարելու մասին, այն էլ 100 հազարանոց կազմով, բազմաթիվ արձագանքների ու տարբեր գնահատականների արժանացավ, յուրաքանչյուր քննադատության պարագայում տարբեր պատճառներով: Անկախ ամեն ինչից, այն, ինչ դրսից մեկ բան է թվում, ներսից կարող է լիովին այլ թվալ, ու թերեւս պատահական չէ, որ, թեկուզ հենց հայ համայնքի կտրվածքով, էրդողանի հանդեպ վերաբերմունքը Թուրքիայի ներսում մեծապես տարբերվում է Թուրքիայի վարչապետի հայտարարությունների նկատմամբ դրսի արձագանքներին: Պոլսահայ համայնքի համար վարչապետ Էրդողանի հայտարարությունը լուրջ սպառնալիք չընդունվեց երկրում գտնվող հայաստանցիների հասցեին: Այսպես է իրավիճակը գնահատում «Մարմարա» թերթի խմբագրապետ Ռոբեր Հատտեճյանը: «Ազգի» հետ զրույցում պրն Հատտեճյանը նշեց, որ Թուրքիայում լավ գիտեն վարչապետի տրամադրություններն, ու հայաստանցիներին վտարելու մասին հայտարարությունից չեն վախեցել, թե իրականություն կդառնա: «Վարչապետի խոսքը պոլսահայ համայնքին չէր վերաբերում, այլ դիմացինին մի քիչ մտածել տալու համար էր ասված», Էրդողանի հայտարարությունն այսպես է մեկնաբանում «Մարմարա»-ի խմբագիրը: Հատտեճյանի պատկերացմամբ, թեեւ Թուրքիայում դեռ շարունակվում է քննադատությունը, այդուհանդերձ, հարցն արդեն փակված է: Ինչ վերաբերում է Թուրքիայում անօրինական հիմունքներով գտնվող հայաստանցիների թվին, որ Էրդողանի ներկայացմամբ ավելի քան 100 հազար է, Հատտեճյանի գնահատմամբ, վարչապետի չափազանցությունն է, քանի որ երեւի թե առավելագույնը մինչեւ 10-12 հազար հայաստանցի է աշխատում ու ապրում Թուրքիայում: «Մի կողմից, ուրախ ենք, որ հայաստանցիներն այստեղ աշխատում են ու վաստակածը ուղարկում տուն, մյուս կողմից էլ տխրում ենք, որ դեռեւս Հայաստանից դուրս աշխատանքի մեկնելու անհրաժեշտություն կա», ասում է Հատտեճյանը: Նրա վկայությամբ, Թուրքիայում հայաստանցիներին լավ են վերաբերվում, ու թեեւ ցանկանում են արտագաղթ չտեսնել որեւէ դեպքում, բայց երբ երեւույթը կա, Հատտեճյանը ցանկանում է, որ հայերը արտերկրում գոնե լավ վերաբերմունքի արժանանան: «Թուրքիայում հայաստանցիները գոհ են իրենց աշխատանքից ու իրենց վաստակածից», վստահ է թերթի խմբագիրը: Թեեւ համայնքի առումով այնքան էլ անակնկալ չի գնահատվում Էրդողանի հայտարարությունը, սակայն դրա պատճառը հասկանալի չէ եւս մեկ հայկական թերթի` «Ակօսի» խմբագիր Սարգիս Սերոբյանի համար: «Ինձ առավել շփոթության մեջ գցեց այն, որ վարչապետի հայտարարությունն այդքան շփոթմունքի տեղիք տվեց, թեեւ ինձ համար հասկանալի չէ, թե ինչու նման հայտարարություն արվեց», պարզաբանում է Սերոպյանը: Նրա ներկայացմամբ, Թուրքիայում նման կարգի հայտարարությունը նորություն չէ, այլ ասվել է մի քանի անգամ: «Այս անգամ էլ նույնն էր, վարչապետը նեղ պահին հիշեց հայերին ու նման խոսքեր ասաց` խաղաքարտ գտնելով», կարծում է «Ակօսի» խմբագիրը: Այդուհանդերձ, Սերոբյանը տեղի ունեցածը տգեղ երեւույթ է համարում, անվայել: Իսկ որ Էրդողանը նման հայտարարություններ անող է, նորություն չէ, թեեւ, Սերոբյանի մոտեցմամբ, հավանական է, որ հետքայլեր արվեն: Համայնքի առումով էլ, ըստ խմբագրի, շատ մեծ անակնկալ չէր նման հայտարարությունը, «մի քիչ երեւի վարժվել ենք, համայնքում մեծ հուսախաբություն չկա»: «Ակօսն» էլ իր հրապարակումներում հեգնանքով է վերաբերվել վարչապետի` հայաստանցիներին վտարելու հայտարարությանը, թե միայն հայաստանցիներով չգոհանալու դեպքում պոլսահայերին էլ թող ուղարկեն Սիրիա, Դեր-Զոր: Ընդհանրապես Թուրքիայում հայաստանցիների թվի առնչությամբ Սերոբյանն ընդգծում է, որ կոնկրետ վիճակագրություն չկա, հատկապես որ որոշակի չէ վիճակագրական տվյալների բազան անգամ պոսլահայերի պարագայում: Այդուհանդերձ, խմբագիրը 50-70 հազար է համարում հայկական ծագմամբ Թուրքիայի քաղաքացիների թիվը, իսկ հայաստանցիների թիվը Թուրքիայում չի կարող գերազանցել 15, առավելագույնը` 20 հազարը: Վարչապետ էրդողանի նշած թիվն էլ անիմաստ ուռճացված է, ու լուրջ չի կարելի համարել: Հասկանալի է, որ Ստամբուլում սովոր են թերեւս Թուրքիայի վարչապետի այսօրինակ հայտարարություններին, սակայն աշխարհում, տարբեր լրատվամիջոցներում տարածված քննադատությունը վկայում է, որ Էրդողանի այդ խոսքերն անակնկալ էին գոնե ժողովրդավարության ու դրան համարժեք բարձր կատեգորիաների տեսնակյունից, ինչին էլ ամենախիստ գնահատականները տրվեցին աշխարհի առաջատար մամուլի էջերում: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: