Saturday, March 6, 2010

Հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ Միացյալ թագավորության եւ Հայաստանի շահերը համընկնում են

News.am. 5-3-2010- Մեծ Բրիտանիան ցանկանում է, որ Հարավային Կովկասի երկրները լավ հարաբերություններ հաստատեն միմյանց եւ մյուս հարեւանների հետ, եւ հայ-թուրքական արձանագրությունների ու սահմանի բացման գործընթացին Բրիտանիան կողմ է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը։ «Իհարկե անցյալը չպետք է մոռանալ ոչ մի դեպքում, բայց պետք է նաեւ հարաբերություններ հաստատել եւ հարեւանություն անել»,- ասաց Բրիտանիայի դեսպանը՝ ավելացնելով, որ հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ Միացյալ թագավորության եւ Հայաստանի շահերը համընկնում են։ Դեսպանը չցանկացավ մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 252-րդ հայկական բանաձեւի ընդունման փաստի մասին հարցը՝ նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է որոշում, եւ դա այդ մարմնի գործն է։ Նշենք, որ այս հայ-թուրքական հարաբերություններին ամեն կերպ կապել ցանկացող Ադրբեջանի որոշ քաղաքական գործիչներ արդեն ակտիվացել են եւ պահանջում են, որ բանաձեւի ընդունման կապակությամբ Բաքուն պետք է հետ կանչի իր դեսպանին Վաշինգտոնից։ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիեւը, քաղաքական դեմարշ է ցանկանում սկսել ԱՄՆ դեմ, եւ վստահեցնում է, որ Բաքուն ետ պետք է կանչի իր դեսպանին ԱՄՆ-ից նաեւ այն բանի համար, որ Միացյալ Նահանգերը մի քանի ամիս է արդեն Ադրբեջանում դեսպան չի նշանակում, եւ դրանով ամբողջ աշխարհի առջեւ անարգում է Ադրբեջանին։

No comments: