Saturday, March 6, 2010

«Նեզավիսիմայա գազետա». Նույնիսկ ադրբեջանցիներն են կասկածում, թե հայերն են սպանել խաղաղ բնակիչներին

/PanARMENIAN.Net/ 05.03.2010 - Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայոց ջարդերի (1988-ի փետրվարի 26-28-ը) հերթական տարելիցի առիթով Ադրբեջանում փետրվարի 26-ին կազմակերպվել են միջոցառումեր` նվիրված 1992-ին Խոջալուի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին` շեշտադրելով «հայերի վայրագությունները»: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետայում» գրում է Սերգեյ Զվյագինը «Խոջալու. ճշմարտություն եւ հորինվածքներ» հոդվածում: «Հենց «Խոջալուի դեպքեր» բնորոշման հիմքում կեղծ վեկտոր է ընկած: Չէ որ Խոջալու գյուղի մոտակայքում կրակակետերի ճնշումից հետո խաղաղ բնակիչների մեջ զոհեր գրեթե չեն եղել, բազմիցս հաստատվել է այն փաստը, որ խաղաղ բնակչության անվտանգ հեռանալու համար միջանցք էր թողնվել ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումների կողմից: Սակայն, Ադրբեջանի կողմից չէր ձեռնարկվել ոչ մի քայլ խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար, որի առկայությունը ոչ դեպքերից առաջ, ոչ հետո կասկածի տակ չի դրվել դիտորդների, այդ թվում նաեւ ադրբեջանցիների կողմից: Խոջալուի բնակիչներից մոտ 100 սպանված քաղաքացիներ էին գտել գյուղից 11-12 կմ հեռավորության վրա հայկական Նախիջեւանիկ գյուղի դաշտում, որը սահմանակից է նախկին խորհրդային Ադրբեջանի Աղդամի շրջանին եւ Աղդամին կից ադրբեջանական դիրքերին: Այդ տարածքն ամբողջովին վերահսկվում էր Ադրբեջանի Ազգային ճակատի (ԱԱՃ) հատուկ նշանակության ջոկատների կողմից, որոնք կոմունիստական նախագահ Մութալիբովին ընդդիմադիր կառույցներ էին: Ավելին, մեկ օր հետո, երբ այդտեղ են ժամանել լրագրողները, այդ թվում նաեւ արտասահմանյան լրագրողները, ինչ-որ մեկը վերադարձել էր դաշտ, որպեսզի պղծի մի քանի դիակներ արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից ողբերգության վայրն այցելելուց առաջ»,- գրում է Զվյագինը: Հոդվածում նշվում է, որ խոջալեցիների զանգվածային սպանությունը կարող է գրանցվել ադրբեջանցի գրոհայինների «ծառայողական ցուցակում» եւ ունի երկու նպատակ. առաջին հերթին, քաղաքական դաշտից հեռացնել ԽՍՀՄ փլուզումից հետո անօգուտ դարձած Այազ Մութալիբովին, երկրորդ` առիթ ստանալ Անկարայի օգնությամբ աղմկահարույց քարոզարշավ սկսել` մեղադրելով հայերին պատերազմ վարելու անմարդկային մեթոդների մեջ: Այսօր «խոջալի նախագծի» շահարկումը քաղաքական եւ գաղափարախոսական այլ նպատակներ է հետապնդում, իսկ դրանց ձեռք բերման միջոցները նույնն են մնացել. սուտ եւ կեղծիք: Դրա հետ մեկտեղ Խոջալուի բնակիչների զանգվածային սպանությունն ադրբեջանական ազգայնամոլության-շովինիզմի նույնպիսի դրսեւորում է, ինչպես եւ 1988-ի փետրվարին Սումգայիթում հայկական ջարդերը, 1990-ի հունվարին Բաքվի ջարդերը, 1992-ի ապրիլին ղարաբաղյան Մարագա գյուղում տեղի ունեցած կոտորածները: Ցավոք սրտի, այդ դեպքերը մինչեւ օրս չեն ստացել պատշաճ իրավաբանական, քաղաքական եւ բարոյական գնահատական, ինչը հանգեցնում է իրականության ցինիկ եւ անբարեխիղճ խեղաթյուրման պաշտոնական Բաքվի քարոզչական նպատակներում»,- նշում է Զվյագինը: 1988 թ-ի փետրվարի 27-29-ը Ադրբեջանում սկսվեցին Սումգայիթի ջարդերը, որոնք ուղեկցվում էին լայնածավալ բռնություններով հայ բնակչության նկատմամբ: Պաշտոնական տվյալներով ջարդերի ժամանակ զոհվել է 26 հայ, 100-ից ավելին ծանր վիրավորվել էր: Փորձագիտական տվյալներով զոհվածների թիվը հասել է շուրջ 200 հոգու երեք օրվա ընթացքում: 1988 թ-ի փետրվարի 29-ին Մոսկվայում ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստում պաշտոնապես ճանաչվել է, որ Սումգաիթում տեղի ունեցած լայնածավալ ջարդերը կատարվել են հայերի նկատմամբ ազգային հողի վրա:

No comments: