Saturday, March 6, 2010

Էրդողանը դժգոհ է ամերիկացի կոնգրեսականների որոշումից

/PanARMENIAN.Net/ 05.03.2010 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը լուրջ մտավախություն է հայտնել առ այն, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձեւի ընդունումը կարող է վնասել ամերիկա-թուրքական հարաբերություններին եւ Թուրքիայի ու Հայաստանի դարավոր թշնամանքին վերջ դնելու փորձերին: «Բանաձեւի ընդունումը վերագրում է թուրք ժողովրդին ոճրագործություններ, որոնք նա չի կատարել»,-ասել է Էրդողանը: Ամերիկացի կոնգրեսականների որոշման կապակցությամբ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը ետ է կանչվել Անկարա խորհրդակցությունների համար, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Թիվ 252 բանաձեւը կոչ է անում ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտահայտի մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ այն իրադարաձություններին առնչվող հարցերի պատշաճ ընկալումը, որոնք գրանցված են ԱՄՆ փաստաթղթերում եւ վերաբերում են Հայոց ցեղասպանությանը: Բանաձեւին կից նշումներում հստակ ասվում է. «Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել եւ իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915-23թթ., որի արդյունքում բռնագաղթվել է շուրջ 2 մլն հայ, որոնցից 1,5 մլն սպանվել է, կես միլիոն վերապրածներն արտաքսվել են իրենց տներից: Արդյունքում վերջ դրվեց հայերի 2500-ամյա ներկայությանը իրենց պատմական հայրենիքում»:

No comments: