/PanARMENIAN.Net/ 11.03.2010 - Ադրբեջանը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք պետք է վերջ դնենք շրջափակմանը, որից մենք տուժում ենք: Ադրբեջանն այլ իրավիճակում է. հույս է դնում իր բնական հարստությունների ու նավթադոլարների վրա` սպառազինություն գնելու եւ հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար: Նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները»,- ասել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանի խոսքով, պատերազմը երբեք ցանկալի չէ եւ պատերազմներից պետք է միշտ էլ վախենալ: «Միեւնույն ժամանակ մենք կռվելուց չենք վախենում, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Բայց մեր դիրքորոշումն այն է, որ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով` փոխզիջումների հիման վրա»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:
1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Friday, March 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment