Monday, March 22, 2010

DurDe. Հայ գաղթականների մասին Էրդողանի հայտարարությունը հիշեցնում է Օսմանյան կայսրության քաղաքականությունը

/PanARMENIAN.Net/ 21.03.2010 - Վերջերս հայ գաղթականները թուրք քաղաքական գործիչների թիրախն են դարձել: Այն փաստը, որ նրանք բնակվում են Թուրքիայից արտաքսվելու մշտական վտանգի ներքո, ինչի մասին բազմիցս հայտարարել են թուրք քաղաքական գործիչները, հիշեցնում է 1915թ. հայերի արտահանման` Օսմանյան կայսրության քաղաքականությունը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ստացված` «Ասա ստոպ ռասիզմին եւ ազգայնականությանը» (DurDe) թուրքական նախաձեռնության հայտարարության մեջ: «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայից հայ բանվոր գաղթականների արտաքսման մասին թույլ է տալիս ենթադրել, որ վարչապետը, զայրանալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունման պատճառով, որպես թիրախ ընտրել է հայ գաղթականներին»,- նշվում է DurDe-ի հայտարարության մեջ: Նախաձեռնության ակտիվիստները Թուրքիայի վարչապետին հիշեցնում են, որ գաղթականների հանդեպ վատ վերաբերմունքը խայտառակություն է, որը կարելի է ատելության հիման վրա հանցագործություն համարել: «Պարզապես անընդունելի է, որ հազարավոր մարդկանց ճակատագիրը կարելի է օգտագործել որպես մի շարք երկրների խորհրդարանների որոշման դեմ պայքարի հաղթաթուղթ: Ակնհայտ է, որ վարչապետի խոսքերը վերաբերում էին նաեւ Թուրքիայի հայ համայնքին: Վերջիվերջո, նման հայտարարությունները հակասում են Թուրքիայի վարչապետի այն հայտարարություններին, որոնց համաձայն Թուրքիան հպարտ է, որ ցանկանում է միավորել տարբեր քաղաքակրթություններ, ամբողջ աշխարհում հաշտեցնել հակամարտող կողմերին եւ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ընդգծվում է հայտարարության մեջ: Հայտարարության ներքո ստորագրած Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դատապարտում են Թուրքիայի վարչապետի հայտարարությունը եւ, առհասարակ, մտածելակերպը: «Թվում է` անգամ այսօր կան մարդիկ, որոնք հակված են տեղահանման գաղափարին: Մենք պահանջում ենք դադարեցնել անպաշտպան գաղթականների շուրջ խայտառակ քաղաքական սակարկությունները»,- ասվում է DurDe հայտարարության մեջ: Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հանդեպ արձագանքի մասին BBC հեռուստաընկերության հարցին, ասաց, որ հնարավոր է` Թուրքիայից արտաքսվեն Հայաստանի 100 հազար անօրինական գաղթականներ: Նրա խոսքով, Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, «ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- հայտնեց Էրդողանը: Ըստ ամենայնի, վարչապետի նման հայտարարության համար առիթ է հանդիսացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը:

No comments: