Monday, March 22, 2010

ԻՆՉՈՒ ՇՎԵԴԻԱՆ

ԿԱՄ ԸՆԴԱՄԵՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «Լրագիր» 22-3-2010- Ժամանակներն այնպիսին են, որ չեմ էլ հիշում թե Լևոն Տեր-Պետրոսյանի որ ելույթում էր ասվում, որ նախաձեռնողականների գործողությունների արդյունքում առաջիկայում էլ չսպասեք որևէ երկրի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման օրինակ: Դա կարծես թե այնքան էլ այդպես չէ: Շվեդները ճանաչեցին մարտի 11-ին ու այն դեպքում, երբ դրանից ընդամենը երկու տարի առաջ միևնույն խորհրդարանում դեմ էին քվեարկել բանաձևին: Կարելի է ենթադրել, որ այն ժամանակ, այսինքն 2008-ի հունիսին, 245-37 հարաբերակցությամբ միանման բանաձևը չէր անցել, քանի որ դրանից առաջ մարտի 1 էր տեղի ունեցել, և ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները գերակայող, հարգող ու մյուսներին քարոզող Շվեդիայի պատգամավորներն իրենց խղճի առաջ մեղք էին համարում, ինքն իր նկատմամբ նման վայրագություններ իրագործած ժողովրդի` նախկինում ունեցած ցեղասպանության իրողությունը հարգելը: Կարելի է ենթադրել, կարելի է շատ ուրիշ բաներ էլ ենթադրել, սակայն սա Շվեդիայի պատգամավորների խղճի խնդիրն է: Իսկ այժմ քաղաքական խնդիր է լուծվում, ընդ որում, պարզ չէ` Շվեդիայի պատգամավորներն արդյոք պատահական, թե նախապես մտածված տրամաբանությամբ են ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված ձայների հարաբերակցությունը կրկնել: Կոնգրեսում 23-22 էր: Քրդերն էլ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում են, որ Շվեդիայի խորհրդարանում բանաձևի անցկացման գործում իրենց քրդուհի պատգամավորի ձայնը որոշիչ դերակատարություն է ունեցել: Միաժամանակ, նաև հայերից որոշակիորեն ներողություն են խնդրում, դե իհարկե ցեղասպանություն իրագործելու իրենց վրա խարազանված պիտակից էլ փորձում ազատվել: Շվեդիայից էր նաև այն հայտնի դարձած, Մուհամմադի ծաղրանկարի հեղինակը, չնայած ծաղրանկարիչն իր գործունեությամբ հայտնի դարձավ Դանիայում: Մահմեդական աշխարհի առջև նետված այս մարտահրավերն իրականացնում էր մարդու իրավունքների ու ազատությունների Նոբելյան Մրցանակ բաժանող շվեդական թագավորությունը: Միաժամանակ Թուրքիայում ձերբակալվում են տասնյակ բանակայիններ` ներառյալ աշխարհիկ երկիր կառուցելու ընթացքում քաղաքացիական պատերազմներ հրահրած գեներալներ: Ուրբանիզացիայի, Սառը պատերազմի ավարտի, երկարուձիգ Մերձավորարևելյան կոնֆլիկտի ու Սամուելհանթինգթոնյան “Քաղաքակրթությունների բախումների” տեսությունների արդյունքում, աշխարհի 16-րդ տնտեսությունը դարձած Թուրքիան մահմեդականանում է: Եթե մինչ 2003-ն էլ որոշակի կանգառներով ու խոչընդոտներով, ապա Իրաքյան պատերազմից հետո` վագրային ցատկերով: Բանը նրան է հասնում, որ թուրք վարչապետը Դավոսում Իսրայել է բոյկոտում ու Իրան պաշտպանում, Սիրիայի հետ հարաբերություն կարգավորում, Իրանի միջուկային ծրագրերի օրինականություն հիմնավորում Վաշինգտոնում ու Գազայի խնդիրն իր երկրի համար օրակարգային դարձնում: Թուրքիայում հեռուստատեսային սերիալներ են ցուցադրվում, որտեղ ատելությամբ լցված Իսրայելցին պաղեստինցի կանանց է սպանում: Քրդերին ռադիո և հեռուստատեսային կայաններ են տրամադրում, հաջորդ օրը “Էրգենեկոնի գործ”-ով քուրդ պատգամավորներին ձերբակալում` կուսակցությունը փակում են: Սակայն սա էլ թողնենք Թուրքիայի աշխարհիկների ու մահմեդականացնողների համատեքստում: Առաջարկում ենք, ընդամենը, ուշադրություն դարձնել Շվեդիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի իրողությանն ու ժամանակին, ինչպես նաև այսուհետ փորձել ապագա գործընթացների վերաբերյալ գնահատականներ տալիս մի քիչ ավելի պատասխանատու վերաբերմունք դրսևորել ասելիքի նկատմամբ Արսեն Խառատյան21 մարտի, Վաշինգտոն

No comments: