Monday, March 22, 2010

Sunday's Zaman. Թուրքիան պետք է իր պատմությանը նայի առանց ներքին ճնշման

/PanARMENIAN.Net/ 21.03.2010 - Ամեն տարի, սպառնալով Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, ամերիկյան կոնգրեսականները պետք է հիշեն այն մասին, թե ինչ է կատարվել 1915 թվականից առաջ եւ հետո` դեպքերը Իրաքում, Աֆղանստանում եւ աշխարհի այլ անկյուններում: Այդ մասին գրում է թուրքական Sunday's Zaman թերթի լուսաբանող Իհսան Յըլմազը` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը: «Իհարկե, այդ ամենը չի հակասում այն ճշմարտությանը, որ Թուրքիան պետք է հայացք նետի այն ամենին, ինչ կատարվեց 1915 թվականին: Եւ Թուրքիան դա պետք է անի առանց ներքին ճնշման: Ես չեմ ասում, որ մենք մեղավոր ենք, եւ ես շատ լավ գիտեմ թուրքական դիրքորոշումն այդ հարցում: Բայց ակնհայտ է, որ երիտթուրքերի առաջնորդները, լինելով սոցիալական դարվինիզմի կողմնակիցներն ու լինելով ծայրահեղ ազգայնականներ, շարունակեցին հարյուրավոր եւ հազարավոր անմեղ հայերի սպանության ճանապարհը: Ակնհայտ է նաեւ այն, որ նրանց ունեցվածքը` տները, ագարակները, ապօրինաբար այդուհետ նրանց էին պատկանում»,- գրում է թուրք լուսաբանողը: Իհսան Յըլմազի կարծիքով, փոխանակ շարունակաբար խոսել այն մասին, թե արդյոք ավելի չի լինի, եթե Թուրքիան պարզապես հայտարարի հայերի ժառանգներին նրանց կորցրած ունեցվածքը վերադարձնելու պատրաստակամության մասին, եթե նրանք համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն, կամ եթե արխիվներում նրանց սեփականության իրավունքի մասին գրություններ հայտնաբերվեն: «Դա չի նշանակում, որ այդպես վարվելով մեր քաղաքական գործիչներն ընդունում են Հայաստանի ու հայկական սփյուռքի պնդումները «ցեղասպանության» մասին, այլ միայն կապացուցի Թուրքիայի հավատարմությունը բարոյականության ու մարդասիրության սկզբունքներին»,- գրում է Իհսան Յըլմազը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Հայոց ցեղասպանությունը, իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ.: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին ու արտաքին քաղաքականություն: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը:

No comments: