Monday, April 12, 2010

Սերժ Սարգսյանն այսօր կհանդիպի Թայիփ Էրդողանի հետ

Tert.am. 12-4-2010- Այսօր Վաշինգտոնում Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում տեղի ժամանակով ժամը 9:30 (Երևանի ժամանակով 18:30) կկայանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ավելի ուշ կկայանա Հայաստանի նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այս մասին հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Վաշինգտոնից: Ակնկալվում է Սերժ Սարգսյանի հանդիպումը նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, սակայն հանդիպման ժամը դեռ ճշտվում է: Երեկոյան Սերժ Սարգսյանը կմասնակցի ԱՄՆ նախագահի հրավիրած ընթրիքին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պետքարտուղարի հրավիրած ընթրիքին։ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանն այցի ավարտից հետո կարճատև արձակուրդ կանցկացնի արտերկրում:

No comments: