Wednesday, April 28, 2010

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՂԹԱՆ

«Լրագիր» 28-4-2010- Մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում բանակի տարկետման տեղերի կիսով չափ կրճատման կառավարական որոշումը առաջացրել է ուսանողների դժգոհությունը: Ինչպես միշտ, կառավարությունը կայացրել է մի որոշում, որն այդքան էլ հասկանալի չէ ոչ միայն հասարակության “շահառու” հատվածին, այլ թերեւս նաեւ մնացյալ մասերին: Ինչու է կառավարությունը կայացրել այդ որոշումը: Կարծես թե կա երկու տրամաբանական բացատրություն` կամ բանակին զինվորներ են պետք, եւ շտապ, կամ էլ կառավարությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ, լավ իմանալով, որ մագիստրատուրաների եւ ասպիրանտուրաների տարկետման հնարավորությունից հաճախ փողով են օգտվում: Այլ, երրորդ պատճառ կարծես թե այդքան էլ չի երեւում: Ստացվում է, որ ուսանողները բողոքում են, որովհետեւ կամ չեն ուզում գնալ բանակ, կամ էլ չեն ուզում, որ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տեղերի համար մրցակցությունն ավելի բարդանա: Չի բացառվում նաեւ, որ ուսանողները բողոքում են, քանի որ հասկանում են կառավարության մեկ այլ, առաջին հայացքից բավական թաքնված մի նպատակ: Բոլոր դեպքերում, քանի դեռ հրապարակայնորեն, հանգամանալից չի ներկայացվել այդ սքողված, թաքուն նպատակը, թե կառավարության որոշումն է անհասկանալի, թե ուսանողների բողոքը: Տիպիկ հայկական իրավիճակ, որը պարբերաբար կրկնվում է գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ դրա պատճառն այն է, որ բոլոր ոլորտներում էլ կառավարության ամեն մի անհասկանալի որոշում հուզում է միայն տվյալ ոլորտի անձանց, իսկ մյուսները կողքից հետեւողի դերում են: Օրինակ, նույն կերպ այժմ բոլորը կողքից հետեւելու են ուսանողներին, ու հանրային որեւէ այլ խավ չի օգտագործելու ինքնակազմակերպման իր մեխանիզմները, ուսանողների կողքին լինելու համար, որպեսզի գոնե այդ մի բողոքը դառնա հասկանալի եւ ընդհատի կառավարության անհասկանալի որոշումների պրակտիկան: Այդպիսի որոշումներով քանդվում են երեւանցիների տները, բայց դրա դեմ բողոքում են հիմնականում տանտերերը, եւ կողքից էլի մի քանի մարդ: Հետո դրան հաջորդում է ասենք Մոսկվա կինոթատրոնի դահլիճի վերաբերյալ անհասկանալի որոշումը: Անհասկանալի որոշում է կայացվում ասենք Մարիամ Սուխուդյանին բանտ նստեցնելու մասին, նրան մեղադրելով ինչ որ մի մանկապիղծ անձնավորության զրպարտելու համար, բայց նրա տարեկից կամ հասակակից ուսանողությունը հանգիստ արեւածաղիկ է կեղեվազրկում ինստիտուտների բակում կամ աղջիկներ է զգեստազերծում բարերում ու գիշերային ակումբներում: Դրան հաջորդում է կառավարության որոշումը այդ երիտասարդների մի մասին տարկետման հնարավորությունից զրկելու վերաբերյալ: Պատճառահետեւանքային կապի կամ շղթայական ռեակցիայի այդ օրինակները կարելի է շարունակել երկար: Անհասկանալի որոշումների պատճառներից մեկը, գուցե գլխավորներից մեկը նաեւ այն է, որ հասարակությունը մեծ հաշվով չի ցուցաբերում հասկանալի որոշումների պահանջարկ, չի փորձում հասկանալ դիմացինի վիճակը: Ի վերջո, թերեւս պետք է փորձել հասկանալ դիմացինի վիճակը, դրանում հայտնվելու հեռանկարից խուսափելու համար: Բայց, դա ոչ միայն հասարակության խավերին է վերաբերում, այլ առաջին հերթին նաեւ իշխանությանը, որը կայացնում է այդ անհասկանալի որոշումները, օգտվելով առիթից, որ հասարակությունը շատ բաներ չի ցանկանում հասկանալ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: