Saturday, April 17, 2010

Հայկական Սփյուռքը Թուրքիայում դիտարկվում է որպես չարիքի կենտրոն

PanARMENIAN.Net - 17 ապրիլի 2010 - Երկրորդ պլան մղելով Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայ-թուրքական արձանագրությունները փրկելու համար առիթ էր փնտրում: Այդ մասին գրում է թուրք մեկնաբանՋենգիզ Աքթարը: “Երբ խոսքը գնում է Արձանագրությունների մասին, ապա Էրդողանն է խնդրի հիմնական պատճառը, նա էլ պետք է լուծում գտնի”,- կարծում է Աքթարն` հավելելով, որ դա հեշտ խնդիր չէ Թուրքիայի վարչապետի համար, և որ նա առաջին հերթին պետք է փոխի իր դիրքորոշումը: “Ես արդեն ասել եմ. “Հայկական հարցի” վերաբերյալ հասկացությունը և հայեցակարգերը, որոնք կիրառում են թուրք քաղաքական գործիչները, պետք է ամբողջությամբ վերանայվեն: Այդ հասկացություններից մեկը “հայկական Սփյուռքն” է, որի զգալի մասը բնակվում է ԱՄՆ-ում”,- նշել է թուրք տեսաբանը: Նրա խոսքերով, “սփյուռք” բառը Թուրքիայում այնքան բացասական նրբերանգ ունի, որ այն նույնիսկ չի օգտագործվում Գերմանիայում բնակվող ավելի քան մեկ միլիոն թուրքերի համար: Միաժամանկ նա նշեց, որ “սփյուռք” բառը Թուրքիայում համարժեք է “թշնամի” բառին: “Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ժամանակակից քաղաքականության մեջ Սփյուռքը դիտարկվում է որպես չարիքի կենտրոն, որը խնդիրներ է ստեղծում “խեղճ” Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայում բնակվող հայերի համար”,- ասել է Ջենգիզ Աքթարը: Միաժամանակ նա կարծում է, որ Էրդողանի սպառնալիքները երկրից 100 հազար անօրինական ներգաղթյալ հայերին արտաքսելու մասին կապված են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի և Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունելու հետ:

No comments: