Monday, April 12, 2010

Ամերիկահայերը Սերժ Սարգսյանին կոչ են անում Օբամայի հետ դեմ առ դեմ խոսել Ցեղասպանության ճանաչման մասին

Tert.am. 12-4-2010- ԱՄՆ-ում գործող հայկական քաղաքացիական, կրոնական և հասարակական առաջատար կազմակերպությունները Սերժ Սարգսյանին կոչ են անում վաշինգտոնյան այցի ընթացքում հորդորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ հայկական կազմակերպությունները ապրիլի 9-ին թվագրված նամակում Սերժ Սարգսյանին կոչ են անում կանխել հայ-թուրքական Արձանագրությունները շահարկելու միջոցով միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցմանն ուղղված Թուրքիայի կառավարության ջանքերը։ Ամերիկայի հայկական կազմակերպությունները նաև կոչ են արել Սերժ Սարգսյանին հավատարիմ մնալ իր խոստմանը և զերծ մնալ այսպես կոչված «պատմական հանձնաժողովի» հիշատակումից, և ուղղակիորեն հորդորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և այլ երկրների առաջնորդներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նամակի հեղինակները նաև հորդորել են ՀՀ նախագահին հայտարարել, որ հայ–թուրքական արձանագրային գործընթացը չի կարող շարունակվել՝ հաշվի առնելով ողջ գործընթացում «Թուրքիայի ապակառուցողական և թշնամական դիրքորոշումը»։

No comments: