«ԱԶԳ», 29-04-2010- «Ազգը» բազմիցս է գրել, որ թուրքական պետության «մատի փաթաթան» դարձած «պատմաբանների» հանձնաժողովի միտքը միայն ապացուցում է, որ Թուրքիան դեմ է գնում որդեգրած ժխտողական քաղաքականությանը, քանի որ այդ պարագայում միջազգային պատմաբաններն ի՞նչ հիման վրա պետք է քննության առնեն Ցեղասպանությունը, եթե այն, ինչպես պնդում է Անկարան, չի եղել: Եթե հաշվի չառնենք վարչապետ Էրդողանի` «թուրքական անբասիր պատմության մասին» ազգային-հայրենասիրական ելույթները, ապա հարեւան երկրում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա հրապարակավ չի հերքում Ցեղասպանության եղելությունը, այլ միայն, նշելով թուրքական բաց արխիվների մասին, հրավիրում են համատեղ քննարկումների: Իսկ եթե այս ամենին հավելենք նաեւ, որ այս տարի առաջին անգամ Ստամբուլում թուրք մտավորականությունը հանրահավաքով պահանջեց Անկարայից` հաշտվել սեփական մութ անցյալի հետ, ու սգաց հայերիս հետ` միլիոնավոր անմեղ զոհերի համար, ապա ակնհայտ կլինի, որ այսօր Թուրքիայում գոնե շատացել են այն մարդիկ, որոնք ոչ միայն չեն հերքում, այլեւ ընդունում են Ցեղասպանության փաստը:
«Ազգ» -ի ապրիլի 2-ի համարում տեղեկացրինք, որ թուրք լրագրող, CNNturk-ի խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը , ամենեւին էլ չհերքելով Ցեղասպանությունը, հարցրել էր հայերիս. «Իսկ ի՞նչ եք պահանջելու»: Ահա այս հարցն է այն գլխավոր խոչընդոտը, որի պատճառով շատ ու շատ այլ թուրքեր չմիացան մտավորականների` Ստամբուլում կազմակերպած հանրահավաքին:
Որ թուրքերն ամենեւին էլ չեն ժխտում Ցեղասպանությունը, ապացուցվում է նաեւ թուրք պաշտոնյայի` օրերս արած ցինիկ արտահայտությամբ: Այսպեսՙ Թուրքիայի Չանաքալեյի նահանգի ազգային կրթության վարչության պետ Վեֆա Բարդաքչըն ապշեցրել է նույնիսկ թուրք լրագրողներին` ասելով. «Երբ թուրքերը կռվում էին թշնամիների դեմ, հայերը, որոնք Օսմանյան կայսրության հլու հպատակներն էին, դավաճանեցին մեզ: Նրանք մեզ թիկունքից դանակահարեցին, որի պատճառով էլ արժանի պատասխան ստացան»: Ահա այսպես երկրի` թեկուզ նրա նահանգներից մեկի կրթության պատասխանատուներից մեկը արդարացնում է Ցեղասպանությունը: Հետաքրքրական է, քանի՞ սերունդ է նա կրթել այս սկզբունքներով ու համոզմունքներով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Thursday, April 29, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment