Thursday, April 15, 2010

Հայ–թուրքական գործընթացի նոր փուլում Հայաստանը կունենա բարենպաստ պայմաններ. փորձագետ

Tert.am. 14-4-2010- ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հայ–թուրքական Արձանագրությունները համարում է դրական ձեռքբերում։ Այսօր կայացած ասուլիսում նա հիշեցրեց, որ նախկինում ասել է դա, և այսօր էլ նույն կարծիքին է։ «Ես համոզված եմ, որ հայ–թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։ Վաղ թե ուշ գործընթացը սառեցված վիճակից դուրս կգա», – ասաց նա։ Ըստ Սաֆրաստյանի՝ երբ գործընթացի նոր փուլ սկսվի, հայկական կողմը կունենա Արձանագրություններ, որոնցում կլինի Թուրքիայի ստորագրությունը և որոնցում Թուրքիան կհրաժարվի նախապայմաններից։ Փորձագետը հավելեց, որ նոր փուլում Հայաստանի համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։

No comments: