Thursday, April 22, 2010

Խալաֆյանի գործով օպերլիազոր է ձերբակալվել

Tert.am. 21-4-2010- Հատուկ քննչական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության շրջանակներում քրեական գործով մի շարք էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական: Նախաքննական մարմինը փորձագետների առջև, ի թիվս այլ հարցերի, խնդիր է դրել պարզել, թե մասնավորապես՝ - ե՞րբ է վրա հասել Վ. Խալաֆյանի մահը և ինչն է հանդիսացել մահվան պատճառը, - ինչպիսի՞ մարմնական վնասվածքներ կան Վ. Խալաֆյանի դիակի վրա, ինչպիսի՞ն է դրանց տեղակայումը, առաջացման մեխանիզմը, հաջորդականությունը, բնույթը և վաղեմությունը, - արդյո՞ք ներկայացված դանակով են պատճառվել վնասվածքները, թե՞ ոչ : Եթե ոչ, ապա ինչպիսի՞ գործիքով են հասցվել, իսկ եթե այո, ապա արդյո՞ք Վ. Խալաֆյանը կարող էր տվյալ դանակով ինքն իրեն մարմնի տվյալ հատվածում մարմնական վնասվածք հասցնել, - վնասվածքները պատճառվել են կենդանության օրո՞ք, թե՞ հետմահու, - վնասվածքը ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է վրա հասել մահը, - վնասվածքները ստանալու պահին ինչպիսի՞ն է եղել տուժողի հնարավոր դիրքը, - կա՞ն արդյոք մատնահետքեր փորձաքննությանը ներկայացված դանակի վրա, թե՞ ոչ: Եթե առկա են նույնացման համար պիտանի հետքեր, ապա ո՞ր ձեռքի ո՞ր մատներով են թողնված և ո՞ւմ են դրանք պատկանում, - տուժողի եղունգների կտրվածքների տակ կա՞ն արդյոք արնանման հեղուկի հետքեր կամ մազեր: Եթե այո, ապա պարզել դրանց խումբն ու պատկանելիությունը, - տուժող Վ. Խալաֆյանի հագուստների վրա կա՞ն վնասվածքներ, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտե՞ղ են դրանք տեղակայված, ի՞նչ բնույթի են և ինչի՞ հետևանքով կարող էին առաջանալ, - դեպքի վայրում հայտնաբերված բամբակյա «տամպոնների վրա առկա հետքերը արյան հետքե՞ր են, թե՞ ոչ: Եթե դրանք մարդու արյան հետքեր են, ապա արդյո՞ք դրանք պատկանում են Վ. Խալաֆյանին: Նախաքննական մարմինն ակնկալում է, որ փորձագետներին ուղղված այս և մի շարք այլ հարցադրումների պատասխաններ կօգնեն նախաքննությանը հստակեցնելու Վ. Խալաֆյանի մահվան մի շարք կարեւոր հանգամանքներ: Փորձաքննություններն անցկացնելու համար փորձագետներին են տրամադրվել ինչպես դեպքի վայրից առգրավված դանակը, բամբակյա «տամպոններըե, Վ. Խալաֆյանի մատնահետքերը, շորերը, եղունգների կտրվածքներն ու մազերի նմուշները, այնպես էլ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների աշխատակիցների հագուստները: Նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Վ. Խալաֆյանի հետ միասին գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածները, ոստիկանության օպեր-լիազորները, քրեական հետախուզության բաժանմունքի պետը և այլոք: Պաշտոնեական լիազորություններն անցնելու և Վ. Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով 2010թ. ապրիլի 21-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ.Հայրապետյանը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ քննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ, որին կարելի է ծանոթանալ նաեւ ՀՔԾ-ի ինտերնետային էջում` www.investigatory.am:

No comments: