«Լրագիր» 27-4-2010- Ով գիտե ինչքան է նախանձել Հռոմի Պապ Բենեդիկտոսը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդներին, որ նրանք իրենց համար հանգիստ հավաքվում են Բաքվում եւ քննարկում են Ղարաբաղի խնդիրը, խաղաղասիրական հռչակագիր են ընդունում: Ինչքան երանի է տալիս Հռոմի Պապը նրանց, որ ոչ մի դատական ծանուցագիր չեն ստանում, որ չունեն մանյակ-հոգեւորականների պրոբլեմ, որ չունեն եկեղեցու հեղինակություն պահելու խնդիր, որ ապրում են այնպիսի հասարակություններում, այնպիսի հասարակարգերում, որտեղ գերիշխում է “եկեղեցու մասին կամ լավը, կամ ոչինչ” սկզբունքը: Ու քանի որ պրոբլեմի բացակայությունն ինքնին պրոբլեմ է, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները որոշել են զբաղվել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու գործով:
Միայն թե անհասկանալի է, թե ինչպես են նրանք աջակցելու այդ գործին, որը լուրջ քաղաքական խնդիր է: Չէ որ եկեղեցիները քաղաքականությունից հեռու են: Ինչպես են նրանք աջակցելու այդ քաղաքական խնդրի կարգավորմանը, միաժամանակ մնալով քաղաքականությունից հեռու, չքաղաքականացված: Հոգեւոր առաջնորդները անում են խաղաղության, ռազմական գործողությունները չվերսկսելու կոչ: Դա բնական է: Տարօրինակ կլիներ, եթե նրանք հակառակն անեին: Բայց, ինչպես են նրանք պատկերացնում խաղաղությունը Կովկասում: Չէ որ խաղաղությունը վերացական հասկացություն չէ, այլ պայմանավորված է լինում կոնկրետ գործոններով, ապահովվում է կոնկրետ մեխանիզմներով: Մինչդեռ հոգեւոր առաջնորդների խաղաղասիրական կոչը բոլորովին զուրկ է կոնկրետությունից:
Այ, երբ նրանք հայտարարեին, որ հարգելի ժողովուրդներ, հարգելի իշխանություններ, սիրելի հավատացյալ հոտեր, դադարեցրեք զենք ու զինամթերք գնելը, ցրեք ձեր բանակները, մի կողմ թողեք ձեր տարածքային, սահմանային վեճերը, անտեսեք երկրային անցողիկ կարգավիճակները, եթե դիմացինը մի տարածք է ուզում, նրան մյուսն էլ տվեք, կամ եթե մարդը հյուր է եկել ձեր տուն, ապա նրա զբաղեցրած տարածքը իրեն թողեք, դադարեցրեք անիմաստ բանակցությունները եւ ապրեք խաղաղ, ապա դա կլիներ ինչ որ չափով հասկանալի: Պարզ կլիներ, որ հոգեւոր առաջնորդները կոնկրետ տարբերակ են առաջարկում կողմերին` մի կողմ դնել իրավական, քաղաքական ձեւականություններն ու արարողակարգերը եւ պարզապես ապրել առանց սահմանի, առանց կարգավիճակի, առանց “իմ ու քոնի”:
Բայց հոգեւոր առաջնորդները խաղաղության կոչ անելով հանդերձ, չեն խոսում դրան հասնելու, դա երաշխավորելու որեւէ մեխանիզմի մասին: Ու հենց դրանից է, որ Հռոմի Պապի մոտ կարող է տպավորություն առաջանալ, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները պարապ են մնացել: Կամ առնվազն պարապ է մնացել Ռուսաստանի հոգեւոր առաջնորդը, որն էլ նախաձեռնել է առաջնորդների հանդիպում Բաքվում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդներն էլ ուղղակի չեն կարողացել մերժել ռուս հարգարժան Պատրիարքին:
Ժողովուրդների, ազգերի փոխհարաբերության գործում հոգեւոր առաջնորդների դերն անշուշտ կարող է մեծ լինել: Բայց երեւի թե պետք է իրենք` առաջնորդները հստակ պատկերացնեն իրենց դերը, իրենց հնարավորությունները, որպեսզի այդ դերը չարժեզրկվի: Պետք է երեւի թե իրենք հստակ պատկերացնեն, թե որտեղ եւ ինչ անելիք ունեն: Եթե նրանք ասենք չհավաքվեին Բաքվում, չընդունեին որեւէ հռչակագիր, հանդես չգային խաղաղության վերացական կոչերով, հազիվ թե գտնվեր մեկը, ով նրանց մեղադրեր այդ բանը չանելու համար:
Փոխարենը, թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե Ադրբեջանում, հաստատապես կան հանրային կյանքի հետ կապված բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց քննարկմանը եւ լուծմանն ակտիվ մասնակցություն ունենալու պարագայում, դրանց հանդեպ վսեմաշուք անտարբերության փոխարեն անձնուրաց հետաքրքրություն դրսեւորելու դեպքում, հոգեւոր առաջնորդներն ու նրանց գլխավորած կառույցները շատ ավելի մեծ լումա կարող էին բերել նախ իրենց երկրների, իրենց ժողովուրդդների, ու նաեւ Կովկասի թե հոգեւոր, թե ֆիզիկական խաղաղության գործին:
Ու Հռոմի Պապն էլ նրանց չէր նախանձի, որովհետեւ Հայաստանում, Ռուսաստանում եւ Ադրբեջանում առկա հանրային խնդիրները շատ ավելի լուրջ են, ընդգրկուն եւ խորը, քան նրանք, որ առաջացրել են կաթոլիկ եկեղեցու սպասավորների սեռական հակումները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment