Wednesday, April 14, 2010

ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՑ

«Լրագիր» 13-4-2010- Դատելով Վաշինգտոնում տեղի ունեցած Սարգսյան-Էրդողան եւ Սարգսյան-Օբամա հանդիպումներից եւ դրանց միջակայքում տեղի ունեցած ելույթից, որ Սերժ Սարգսյանը հայ համայնքի առաջ ունեցել է Վաշինգտոնի մայր տաճարում Վուդրո Վիլսոնի շիրիմին ծաղիկ դնելու ընթացքում, Հայաստանն ու Թուրքիան Ամերիկայի մայրաքաղաքում չեն եկել որեւէ նոր համաձայնության: Էրդողանի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը բավական կոշտ էր: Դժվար է պատկերացնել, որ հանդիպումների ընթացքում ձեռք բերված լինեն կուլիսային պայմանավորվածություններ, իսկ դրանցից դուրս էլ պարզապես հայկական համայնքի սպառման համար հնչեն կոշտ եւ “ազգային” հայտարարություններ: Թեեւ հայ-թուրքական գործընթացի զարգացումները միշտ էլ եղել են պատկերացումների շրջանակից դուրս եւ ասենք երբեք չի հայտարարվել, որ այսինչ գիշերը կարող է այնինչ հայտարարությունը լինել, բայց առավոտ արթնացել է նույն այդ հայ համայնքը, հայությունը, Հայաստանի հասարակությունը, ու ծանոթացել հայ-թուրքական մի համատեղ հայտարարության, մի ճանապարհային քարտեզի: Այնպես որ, Վիլսոնի շիրիմի առաջ ունեցած ելույթը ամենեւին չի կարող երաշխավորել, որ մի օր չի կարող գիշեր լինել, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց առայժմ, դատելով այն “ցերեկից”, որ եղավ Վաշինգտոնում, եթե բացառենք կուլիսային լրիվ հակադիր պայմանավորվածությունները, կարող ենք եզրակացնել, որ հայ-թուրքական գործընթացն ինչպես հայտնվել է, այդպես էլ մնաց հրապարակային փակուղում եւ նույնիսկ ստացավ այսպես ասած “ամերիկյան գրանցում”: Թե ինչ կխմորվի կուլիսներում, դա արդեն կերեւա ժամանակի ընթացքում, գուցե ապրիլի 23-ին` ինչպես շաբաթներ առաջ խորհրդավոր կերպով ակնարկել էր Դավութօղլուն, իսկ գուցե նաեւ դրանից շատ հետո: Հատկանշական է սակայն այն երանգը, որ նկատվում է Հայաստանի իշխանության վերջին ելույթներում: Այդ ելույթները բավականաչափ արմատականություն են պարունակում Թուրքիայի հանդեպ, ինչը չկար, եւ նաեւ ինչի լրիվ հակառակ պատկերն էր այն ժամանակահատվածում, երբ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը գտնվում էր վերընթաց վիճակում: Հասկանալի է, որ եթե Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները, մի քիչ անհարմար կլիներ չկոշտացնել գնահատականներն ու ելույթները հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ: Բայց այն, որ այդ կոշտացումը պաշտոնական Երեւանն անում է բավական նկատելի ոգեւորությամբ եւ պաթոսով, վկայում է, որ կամ դա թատրոնի մի մաս է եւ իրականում ձեռք են բերվում բավական “մեղմ” պայմանավորվածություններ, կամ էլ պարզապես Հայաստանի իշխանությունը բավական ուշացումով հասկացել էր, որ հայ-թուրքական գործընթացում ընկել էր կամ շատ մոտ էր թուրք-ադրբեջանական ծուղակում հայտնվելուն, եւ ինքն այլեւս անզոր էր իրավիճակը շտկել, ու բարեբախտաբար հանգամանքները եւ միջազգային հանրության` մասնավորապես ԱՄՆ գործողությունները կամ աջակցությունը, իհարկե ԱՄՆ շահից բխող, օգնեցին Հայաստանին խուսափել այդ ծուղակում հայտնվելուց կամ ծուղակից դուրս գալուն, քանի դեռ չէր փակվել թակարդը: Այդ իրողությունը կարծես թե հատկապես զգացվում է Վիլսոնի շիրիմի մոտ ունեցած ելույթի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը բավական խանդավառ երախտագիտություն է հայտնում Միացյալ Նահանգներին, հայտարարելով. “Մենք շնորհակալ ենք այս մեծ ու հզոր երկրին, որ այսօր էլ իր զգալի դերակատա¬րությունն ունի հայ ժողովրդի կյանքում: Աստված պահի Ամերի¬կան, Աստված պահի Հայաստանը և փառք հայ ժողովրդին”: Թեեւ, մյուս կողմից էլ, ելույթի այդ վերջաբանը հիշեցնում է ծուղակն ընկած հարսնացուի մասին հայտնի ֆիլմի հայտնի վերջաբանը` դատական նիստի մեկնարկի դրվագում. “Կեցցե մեր դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը”: Մյուս կողմից էլ, պարզապես գուցե Սերժ Սարգսյանը այդպիսով կանխավ շնորհակալություն էր հայտնում Բարակ Օբամային, իրեն ընդունելու որոշման համար, ինչով Օբաման գուցե ոչնչով չօգնի հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը` ինչի համար թերեւս պետք է ուրախ եւ ոգեւորված լիներ այդ կարգավորումը “նախաձեռնած” Սերժ Սարգսյանը, բայց զգալի նյութ կտա Սերժ Սարգսյանին երկրի ներսում բոլորին ցույց տալու համար, թե ինքը վայելում է այնպիսի հզոր պաշտպանություն, ինչպիսին Օբամայինն է, ու անիմաստ են արտաքին հողի վրա իր գահավիժելու վերաբերյալ ակնկալիքները: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: