Tuesday, April 27, 2010

Թեհրանը և Բաքուն ստորագրում են անվտանգության մասին համաձայնագիր

Aysor.am. 26.04.2010- Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Նաջջարի` ս.թ. մայիսի 3-4-ը Բաքու կատարելիք այցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի միջև կստորագրվի անվտանգության մասին համաձայնագիր: Այդ մասին հայտնում է իրանական «իսնա» լրատվական գործակալությունը: Բաքու կատարելիք այցի ընթացքում Իրանի ՆԳՆ նախարարին կուղեկցեն նախարարության գլխավոր քարտուղարը, անվտանգության հարցերով փոխնախարարը, ինչպես նաև Իրանի հյուսիսային Արևմտյան և Արևելյան Ատրպատական նահանգների, Արդեբիլի և Գիլանի նահանգապետերը, գործարարներ: Նշենք, որ Մոսթաֆա Նաջարը մինչ ՆԳՆ նախարար նշանակվելը`զբաղեցնում էր Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի տարաձայնություններ են նկատվում` կապված Կասպից ծովի իրավական կարգավիճակի, ինչպես նաև Ալբորզ էներգետիկ շրջանի շահագործման հետ: Կասպից ծովի սահմանային իրադրությանը և իրավական կարգավիճակին էր անդրադարձել նաև իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը, որտեղ մասնավորապես նշված է. «Քանի դեռ լուծված չէ Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը, Կասպից ծովի էներգետիկ պաշարների արդյունահանումը հակասում է Իրանի ազգային շահերին: Իրավիճակի չկարգավորված լինելու պարագայում կարող է խնդիրը քաղաքականից տեղափոխվել ռազմական ոլորտ»: Իրանական «Մեհրնյուզ» լրատվական գործակալությունն էլ փոխանցում է, որ Իրանի զինված ուժերը Կասպից ծովում երկրի ազգային շահերը պաշտպանելու համար ս.թ. ապրիլի սկզբին նոր ռազմանավ գործարկեցին:

No comments: