Tuesday, April 20, 2010

«Օր ու գիշեր սպասում եմ, թե երբ է աշխարհն ընդունելու Հայոց Ցեղասպանությունը»

Ծնունդով ղարսեցի Արուս Գրիգորյանը Մեծ եղեռնի օրերին ընդամենը 2 տարեկան է եղել: 97-ամյա Արուս Գրիգորյանը շատ բան չի հիշում պատմական հայրենիքից, բայց մի երազանք ունի. «Հիմա, որ թույլ տան, Ղարս կգնամ. ուզում եմ գնամ Ղարսը տեսնեմ ու նոր մեռնեմ»: Հետո ավելացնում է. «Ղարսը տեսնել ուզում եմ, բայց ապրել չեմ ուզում. թուրքի հոտն այնտեղից գալիս է»: Երեւանի Կենտրոն համայնքում գտնվող բնակարանում նա ապրում է աղջկա ու թոռնիկի հետ: Արուս տատիկը 1915թ եղեռնից շատ բան չի հիշում: Թուրքերի բարբարոսություններից նրա հուշերում պահպանվել են միայն մի քանի դրվագներ. «Թուրքերը ջարդ են արել, կոտորած, սպանություն: Մտնում էին տները, մարդկանց կախում: Շատ վատ են վարվել նրանք մեզ հետ»: Նա պատմում է, երբ թուրքերը սպանել են հորը, « քավոր Հովհաննեսն իրեն ու եղբայրներին արագ գցել գնացքի վագոնի մեջ ու հրահանգել` «որտեղ վագոնը գնա, այնտեղ էլ երեխաներին կիջեցնեք»: Հայաստան գաղթելուց հետո սովից մահանում է նրա մայրը: Անտուն եւ որբ` նա եղբայրների հետ մի որոշ ժամանակ ապրում է մայրաքաղաքի այգիներից մեկում` Կոմայգում` քնելով նստարաններին, մինչեւ գրավում են անգլիական որբանոցի տնօրենի` Նորդ Կորտի ուշադրությունը: Վերջինս էլ նրանց տանում է որբանոց: Թեեւ այստեղ Արուս տատիկին ու նրա եղբայրներին շատ լավ են վերաբերվել, սակայն մանկական հիշողության մեջ անջնջելի են մնացել այդ տարիներին հայ ժողովրդի ցավն ու տառապանքը: Դա է պատճառը, որ Արուս տատիկը լսել անգամ չի ուզում հայ-թուրքական սահմանի բացման մասին. «Չեմ ուզում, որ սահմանը բացվի, որ թուրքը գա մեզ մո՞տ, չեմ ուզում բոլորովին. մեզ մոտ թուրքը մուտք չպետք է գործի»: Արուս տատիկն ակտիվորեն հետաքրքրվում է քաղաքական զարգացումներով: Նրա աղջկա` Էվելինա Գրիգորյանի պատմելով` մայրը բաց չի թողնում լրատվական ոչ մի հաղորդում: «Ուզում եմ, որ անպայման հաղթենք, հաղթանակը մերը լինի այդքան տանջանքից հետո:Օր ու գիշեր սպասում եմ, թե երբ է աշխարհն ընդունելու Հայոց Ցեղասպանությունը»,- հուզված ասում է Արուս տատիկը: Որբանոցում ապրած 10 տարին նրա հուշերում մնացել են իբրեւ փրկության օրեր: Որբանոցից հետո նա սովորել է տեխնիկումում, հետո ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտ, սակայն ամուսնանալուց հետո ուսումը կիսատ է թողել: Ունեցել է 4 երեխա: Մեր զրուցի ընթացքում նա հաճախակի էր հուզվում` հիշելով իր կյանքի այս կամ այն դրվագը: Հուզմունքից «Օտար, ամայի ճամփեքի վրան» երգը Արուս տատիկ չկարողացավ մինչեւ վերջ երգել, թեեւ անգլիական որբանոցում սովորած անգլերեն կրոնական երգը մինչեւ վերջ կատարեց: Ի դեպ, Արուս տատիկը միայն մի բան է ցանկանում` իր նկատմամբ` որպես Ցեղասպանության վերապրածի, պետությունն ավելի ուշադիր լինի, ինչպես նաեւ` աջակցի ֆինանսապես: Ըստ A1plus-ի:

No comments: