Wednesday, April 21, 2010

Վաղը կորոշվի Սերժ Սարգսյանի և Ալիևի հաջորդ հանդիպման ամսաթիվը

Tert.am. 21-4-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն այսօր Բաքվում լրագրողներին ասել է, որ «Ադրբեջան կատարած այցի նպատակներից մեկն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններում վերադարձնել ԼՂ հիմնախնդրի շուրջ բաց թողնված հնարավորությունները»։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն։ Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ամսաթիվը, ինչպես նաև հետագա քայլերը պարզ կդառնան համանախագահների ողջ կազմով հանդիպումից հետո, որը, ըստ Բրադտկեի, տեղի կունենա Մոսկվայում ապրիլի 22-ին։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ընդունում է Մադրիդյան սկզբունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նշել է, որ որոշ հարցերում ընդհանուր մոտեցումներ կան, սակայն կողմերի միջև որոշ պահեր համաձայնեցված չեն։ Իր հերթին ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ռուս համանախագահ Իգոր Պոպովը, ավելի ուշ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը, ասել է. «չգիտեմ՝ ինչ նկատի ունեք՝ ակտիվացում ասելով։ Խնդիրն այն է, որ եթե խոսենք ակտիվացման մասին, ապա հանդիպումներ մշտապես տեղի են ունենում... Երեկ մենք հանդիպում ենք ունեցել Ադրբեջանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ, վաղը կհանդիպենք Բեռնար Ֆասիեի հետ։ Այլ բան է, որ, հիրավի, գործընթացն ընթանում է ավելի դանդաղ, քան կցանկանայինք»։

No comments: