Tuesday, April 27, 2010

Չեխիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. չեխ սենատոր

Terta.am. 26-4-2010- Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում ապրիլի 24-ին կազմակերպված ցույցով և երթով չեխահայությունն սկսել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը։ Անգլերեն և չեխերեն պաստառներ պարզած՝ ցույցի հարյուրից ավելի մասնակիցներ Թուրքիայից և Չեխիայից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, անցորդներին բաժանել են թռուցիկներ, որոնցում հակիրճ ներկայացվում էր պատմական իրողությունն ու ցուցարարների պահանջները, որոնք ընթերցվել են նաև ցույցի ընթացքում։ Յունգմանի հրապարակում սկսված ցույցն այնուհետև երթով անցել է Պրահայի կենտրոնի փողոցներով և մտնելով կենտրոնական Ստարոմեստսկա հրապարակ՝ հասել մինչև Սուրբ Եղիայի եկեղեցի։ Հոգեհանգստյան ժամերգությանը Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հետ մասնակցել է նաև Չեխիայի և Սլովակիայի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Քրիշտոֆ Պուլեցի ներկայացուցիչ Սերգի վարդապետը։ ժամերգությանը ներկա են եղել նաև Չեխիայում Հայաստանի, Հունաստանի և Վրաստանի դեսպանները, վրաց եկեղեցու ներկայացուցիչ, Շավնաբադի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավոր Կալենեգե Կապանաձեն։ Ժամերգության ավարտին ապրիլքսանչորսյան ուղերձով ներկաներին է դիմել հայր Բարսեղը՝ հիշատակի ու միասնության հորդորով։ Այնուհետև Պրահայի կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի է ունեցել հուշ-երեկո, որի ընթացքում ցուցադրվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստավավերագրական ֆիլմեր, որոնցից մեկը պատմում էր 2005թ. Չեխիայում անցկացված ապրիլյան միջոցառումների, մասնավորապես, չեխական Սենատում ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի մասին, իսկ մյուսը՝ Անդրյու Գոլդբերգի 2006թ. նկարահանած «Հայոց ցեղասպանություն» ֆիլմը, որը ներկայացնում է ցեղասպանության իրական պատկերը թուրք և օտար պատմաբանների գնահատականներով և արխիվային փաստաթղթերի լուսաբանությամբ։ Ավստրիայում, Չեխիայում, Սլովակիայում և Հունգարիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն իր ելույթում նշել է, որ թեև անցել է 95 տարի, բայց մենք շարունակում ենք հիշել ու պահանջել, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Նա շնորհակալություն է հայտնել այն բոլոր անհատներին և երկրներին, որոնք հայերի հետ միասին հիշատակում են սգո այդ օրը։ Չեխիայի սենատի անդամ Յարոմիր Շտետինան իր ելույթում մեկ անգամ ևս նշել է, որ ժամանակն է, որպեսզի Չեխիան նույնպես ճանաչի Հայերի ցեղասպանությունը։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Չեխիայի խորհրդարանի վերին պալատում կփոխվի մթնոլորտը, որը չի հենվի միայն քաղաքական պրագմատիզմի վրա։ Սենատորի կարծիքով, 2005 թվականին Սենատում կազմակերպված գիտաժողովը այդ դժվարին ճանապարհի սկզբն էր միայն։ Նա վստահեցրել է, որ եթե ինքը կրկին ընտրվի սենատոր, ապա այդ հարցը կբարձրացնի Չեխիայի Սենատում, ներկայացնելով այնպիսի բանաձև, ինչպիսին ընդունվել էր Սլովակիայում։ Սենատորի կարծիքով, ի վերջո Չեխիան պետք է անցնի այն քաղաքակիրթ երկրների շարքը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Միջոցառման երաժշտական հատվածում ելույթներ են ունեցել հայ-չեխական լարային քառյակը, «Մուզիկա պոետիկա» չեխական երգչախումբը՝ «Հայր մերի» և «Սուրբ-սուրբի» հայերեն կատարումներով, իսկ երիտասարդ երգչուհի Վարինե Մկրտչյանը ներկայացրել է «Կռունկ»-ը։ Հուշ-երեկոյին ներկա է եղել Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան։ Հուշ-երեկոյին ներկա են եղել նաև ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ վարդապետ Սերգին, Չեխիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Ֆեոդորովը և Հունաստանի դեսպան Կոնստանտինոս Կոկոսիսը։ Միջոցառումն անցկացվել է Չեխիայի հայ համայնքի և «Արմենիա ակումբ» կազմակերպության ջանքերով՝ հովանավորությամբ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի։ Երեկոյան HG Art ցուցասրահում Հայր Բարսեղի և դեսպան Հովակիմյանի մասնակցությամբ տեղի է ունեցել պրահայաբնակ 18 նկարիչների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին։ Այս մասին Պրահայից հայտնում է «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։

No comments: