Tuesday, April 27, 2010

Ինչո՞ւ Հայաստանը հետ չկանչեց ստորագրությունները. Պարզաբանում է Գագիկ Մինասյան

Tert.am. 27-4-2010- Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով հայ–թուրքական գործընթացին, նշեց, որ գործընթացը նախաձեռնելիս Հայաստանն ուներ երկու թիրախ՝ կամ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, կամ էլ աշխարհին ցույց տալ, թե ով է դրժում պայմանավորվածությունների մասին խոստումը։ Ըստ Մինասյանի, հայ–թուրքական գործընթացի մեկ տարին ապացուցեց, որ Հայաստանը չի դրժում իր խոստումները, ավելին՝ խոստումների դրժման համար Հայաստանին որևէ քաղաքական կենտրոն չքննադատեց։ Իշխող կուսակցության պատգամավորը հայտարարեց, որ հայ–թուրքական գործընթացից մենք շահեցինք երկու բան. նախ ձեռք բերեցինք նախաձեռնողական քաղաքականության սուբյեկտի, վստահելի գործընկերոջ կարգավիճակ, մյուս կողմից էլ՝ ստացանք այն արդյունքը, որ Թուրքիայում այսօր բուռն քննարկումներ են լինում Հայոց ցեղասպանության փաստի շուրջ։ Մինասյանն այն համոզմանն է, որ հայ–թուրքական գործընթացով Թուրքիայում սկսվեց այնպիսի գործընթաց, որը բերելու է մի օր թուրք հասարակության կողմից սեփական պատմությունը ճանաչելու իրողությանը։ ՀՀԿ–ական պատգամավորը մեկնաբանեց նաև այն հանգամանքը, թե ինչու Հայաստանը հետ չի վերցրել իր ստորագրությունը Արձանագրություններից։ Ըստ նրա, Հայաստանն այդ քայլին չի դիմել, որովհետև կարծում է, որ Թուրքիայում կլինեն իշխանություններ, որոնք ավարտին կհասցնեն սկսված գործընթացը։ Պատգամավորն այն կարծիքին է, որ հայ–թուրքական գործընթացի նոր փուլ չի սկսվի, քանի դեռ Թուրքիայում տեղի չեն ունեցել խորհրդարանական ընտրություններ։

No comments: