Tert.am. 26-4-2010- Քաթարում լույս տեսնող «Շարք» պարբերականը, անդրադառնալով ՀՀ իշխող կոալիցիայի և Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական Արձանագրությունները խորհրդարանում առկախելու մասին որոշմանը, գրում է, որ այդ փաստաթղթերի առնչությամբ նման ելքը կանխատեսելի էր ի սկզբանե:
«Նման ելքը կանխատեսելի էր մահվան մահիճում հայտնված Արձանագրությունների համար: Սպասվում էր, որ Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրումից հետո հայտարարությամբ հանդես էին գալու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Սակայն նրանց ծրագրված ելույթներում կային այնպիսի դրույթներ, որոնք ամրագրված չէին Արձանագրություններում, ինչն էլ հակասության պատճառ դարձավ: Ստեղծված իրավիճակում ստորագրման արարողության հետաձգման, նույնիսկ չեղյալ հայտարարման վտանգ կար: Կողմերը ստիպված էին հրաժարվեցին իրենց նախապես ծրագրված ելույթներից: Արձանագրությունները հայտնվեցին մահվան մահիճում, և այդ օրվանից ի վեր նրանց վիճակը գնալով վատացավ»,- գրում է արաբական պարբերականը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ Անկարան ի սկզբանե որդեգրեց Արձանագրությունների բառին և ոգուն հակասող գործելաոճ:
«Բոլոր թուրք պաշտոնյաներն իրենց հայտարարություններում ղարաբաղյան հիմնախնդիրը շաղկապեցին Թուրքիայի խորհրդարանում Արձանագրությունների վավերացման գործընթացի հետ: Սակայն ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը շարունակվում է 17 տարի, և կարճ ժամանակահատվածում այդ հարցում առաջընթացի ապահովումն ուղղակի անհնար է: Եվ տեղին չէր Թուրքիայի կողմից նման պահանջ ներկայացնելը, և դա այն դեպքում, երբ նա ոչ մի իրավական հիմնավորում չուներ: Արդյունքում Անկարան հայտնվեց Արևմուտքի ճնշման ներքո: Թուրքիայի փաստարկներն աստիճանաբար թուլացան և սկսեցին հակասել Արձանագրություններին»,- գրում է «Շարք» պարբերականը` նշելով, որ Երևանն Անկարային բավական ժամանակ էր տվել կողմնորոշվելու համար:
Թերթը նշում է, որ Թուրքիայի` հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանին ընդառաջ քայլերը հնարավոր է հետաձգվեն մինչև 2012 թվականը, միևնույն ժամանակ, ընդգծելով, որ Անկարայի նման գործելաոճն ամենևին էլ չի նպաստում և հակասում է թուրքական արտաքին քաղաքական ուղեգծում ի հայտ եկած նոր միտումներին, այդ թվում` տարածաշրջանում գերիշխող պետության դերակատարությունը ստանձնելու փորձերին:
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment