Հայ Ազգային կոնգրեսը ապրիլի 27-ին հայտարարություն է տարածել, որով արձագանքել է Սերժ Սարգսյանի ապրիլի 22-ի ուղերձին: Հայտարարությունը ընթերցել է կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
“Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումը որեւէ էական փոփոխություն մի մտցնում Հայաստանի խորհրդարանում այդ արձանագրությունների վավերացման գործընթացի կարգավիճակի մեջ: Ուստի այն ավելի ճիշտ է անվանել ոչ թե որոշում կասեցման մասին, այլ որոշում ուղերձի մասին, որով նա արտահայտում է իր խորը ֆրուստրացիան, այսինքն հուսախաբությունը, այսպես կոչված հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության արդյունքների վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ունի բոլոր հիմքերը նման ֆրուստրացիայի համար”, ասված է Հայ Ազգային կոնգրեսի հայտարարության մեջ:
Կոնգրեսը նշում է, որ իշխանությանը չհաջողվեց հայ-թուրքական գործընթացը անջատել Ղարաբաղի հարցից, եւ դրանք միջազգային հանրությունն արդեն դիտարկում է փաթեթով լուծվելիք միասնական խնդիր, ինչի կապակցությամբ ուժգնանալու է ճնշումը Հայաստանի վրա: Կոնգրեսը նշում է նաեւ, որ Թուրքիան կարողացավ նաեւ գործընթացը ծառայեցնել ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը խոչընդոտելուն: Կոնգրեսը նշում է, որ Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող հրաժարվել պատմաբանների հանձնաժողովի գաղափարն ընդունելուց:
“Ստանալով ցեղասպանության ուրացումը, եւ ոչինչ չվճարելով դրա փոխարեն, Թուրքիան հիմա զարգացնում է հաջողությունը, պահանջելով սահմանի վերաբացման դիմաց նաեւ Աղդամի եւ Ֆիզուլիի վերադարձը Ադրբեջանին: Եվ ըստ որոշ տվյալների, արդեն ստացել է այդ հարցում համանախագահող տերությունների աջակցությունը: Սերժ Սարգսյանը միգուցե իրեն խաբված է զգում Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից: Սակայն ավելի ծանր է այն, որ նա խաբել է հայ ժողովրդին: Այս խայտառակ տապալման հիմնական պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը ստիպված է ընդգրկվել այնպիսի գործընթացների մեջ, որոնք թույլ են տալիս իրեն ձեռք բերել միջազգային հանրության աջակցությունը եւ ամրապնդել իր խոցելի եւ ոչ լեգիտիմ կառավարումը Հայաստանում: Այս կործանարար գործընթացի միակ այլընտրանքն այն է, որ դադարեցվեն բռնության եւ դրսի օգնությանն ապավինելու փորձերը, եւ երկրում նախաձեռնվեն համերաշխության եւ ազգային համախմբման գործընթացներ, որոնց վերջնական նպատակը պետք է լինի Հայաստանում ժողովրդավարության եւ լեգիտիմ իշխանության ձեւավորումը”, ասված է Հայ Ազգային կոնգրեսի հայտարարության մեջ:
Հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունը ինչքանով է ազդել այն բանի վրա, որ Օբաման չասեր ցեղասպանություն բառը, Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. “Դե ամբողջ այդ ֆուտբոլային դիվանագիտությունը ընդհանրապես մտածված էր հենց այդ նպատակով, որ հնարավորություն տա Միացյալ Նահանգներին եւ Թուրքիային պահպանել դաշնակցային հարաբերությունները եւ հայոց ցեղասպանության ճանաչումով չպայթեցնել այդ դաշնակցային հարաբերությունները”, ասում է Լեւոն Զուրաբյանը:
Tuesday, April 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment