Tuesday, May 25, 2010

Հայաստանն ամեն ինչ կանի, որ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվի. Էդուարդ Շարմազանով

Tert.am. 25-5-2010- «Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը ժամանակավրեպ է։ Մեր նպատակը ոչ թե Հայաստանի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելը, այլ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի քարտւղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա՝ Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ ամեն ինչ անելու է, որպեսզի այն միջազգայնորեն ճանաչվի։ Անդրադառնալով Արցախի խորհրդարանական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի հայտարարություններին՝ Շարմազանովը հիշեցրեց. «Անցած տարի ԵԱՀԿ 56 նախարարներն Աթենքում ընդունել են հայտարարություն և սկզբունքներ, որտեղ շատ հստակ նշված է և՛ ուժի չկիրառումը, և՛ ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ռուսաստանի արտգործնախարար պարոն Լավրովը Երևանում հայտարարեց, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արամ Սաֆարյանն էլ նկատեց, որ միջազգային հանրության շրջանում լայնորեն տարածվում է այն տեսակետը, որ առանց բանակցային գործընթացին ԼՂ ներկայացուցիչների մասնակցության՝ էական առաջընթաց չի լինի։ «Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում որևէ նոր առաջ մղող էլեմենտ պետք է լինի, ապա դա Ղարաբաղի մասնակցությունն է։ Այդ տրամաբանությամբ է, որ եթե մենք ուզում ենք մոտենալ վերջնագծին, ապա Ղարաբաղի մասնակցությունն ուղղակի պարտադիր է»,- ընդգծեց նա։ Ըստ Սաֆարյանի՝ եթե Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին չապահովվի, գործընթացը կմտնի փակուղի, որից դուրս գալը շատ դժվար կլինի։

No comments: