Tuesday, May 25, 2010

ԲԱՔՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է FAIT ACCOMPLI

«Լրագիր» 25-5-2010- Ղարաբաղի խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը հետաքրքիր միտք է պարունակում. “Ադրբեջանը երբեք չի ընդունի Հայաստանի ջանքերին արժանացող fait accompli (կատարված փաստեր) լուծումները”: Հազիվ թե Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանում է Հայաստանի առաջարկներին: Բաքվի ԱԳՆ-ի տոնից հստակ ուրվագծվում է, որ նմանօրինակ առաջարկներով Ադրբեջանին դիմել են այլ ազդեցիկ ուժեր, հնարավոր է Թուրքիան, որը, ինչպես հայտնի է, իջեցրել է Հայաստանից պահանջների “նվազագույն շեմը” մինչեւ 2 շրջան: Հնարավոր է, Թուրքիան փորձում է Ադրբեջանին համոզել ֆորմալ առումով ընդունել ներկայիս իրավիճակը, թույլ տալ բացել կոմունիկացիաները, վերադարձնել փախստականների ինչ որ քանակ, իսկ հետո արդեն, եթե պետք է, սկսել լայնածավալ էքսպանսիոն քաղաքականություն: Առայժմ, կարծես թե, Թուրքիային դա չի հաջողվում: Բայց ակնհայտ է, որ ամեն ինչ գնում է առկա ստատուս-քվոյի ճանաչմանը, եւ ընդունվելու է, եթե ոչ վերջնականապես, ապա գոնե միջանկյալ որոշում: Կարգավորման մասին հստակ դիրքորոշման մասին առաջին անգամ հայտարարեցին Ստեփանակերտում` հայտարարությունն իր մեջ ներառում է ներկայիս իրավիճակը ճանաչելու առաջարկ: “Մեր կուսակցությունը մշակել է հայեցակարգ, որի համաձայն, արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը հանդիսանում է ներկայիս իրավիճակի միջազգային ճանաչումը”, հայտարարել է Արցախի ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Վահրամ Աթանեսյանը: Հնարավոր է, դա իրատեսական չի հնչում Ղարաբաղի ընտրությունների կապակցությամբ հնչած հայտարարությունների ֆոնին: Սակայն, եթե խորամուխ լինենք այդ հայտարարություններում, ապա կարելի է նկատել, որ նրանցից որեւէ մեկում չի խոսվում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, եւ Ռուսաստանի ԱԳՆ-ի, եւ Եվրամիության գլխավոր հանձնակատարի հայտարարություններում ասվում է, որ նրանք չեն ճանաչում Ղարաբաղը որպես անկախ պետություն: Բայց որեւէ մեկը չհայտարարեց, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս: Բոլոր նշված հայտարարություններում հստակ ընդգծվում է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններում: Նույնիսկ Եվրախորհրդարանի չարաբաստիկ բանաձեւի մեջ ասվում է, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն “Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներից”: Այսինքն, բուն Ղարաբաղի մասին խոսք չկա: Եվ “առեւտուրը” տարածքների շուրջ է: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա դրանք չհանձնելու մտադրության մասին է վկայում բանակցային գործընթացում Հայաստանի առաջ քաշած նոր փաստարկը: Զորքերը դուրս հանելու պահանջին ի պատասխան, Հայաստանի ԱԳՆ-ն ու իշխող կուսակցությունը խոսում են Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի անեքսիան դադարեցնելու մասին: Դատելով տվյալ պահանջի անիրականանալիությունից, արժե անել հետեւություն, որ Հայաստանը չի պատրաստվում տարածք հանձնել: Եվ միակ ելքը մնում է ներկայիս ստատուս-քվոյի ճանաչումը: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: