Tuesday, May 18, 2010

Ալեքսանդրապոլի որբանոցները

«ՀԵՏՔ» 17-5-2010- 1915-18 թթ. Արեւմտյան Հայաստանում հայերի կոտորածի ժամանակ հարյուր հազարավոր երեխաներ զրկվեցին ծնողներից: Նրանց փրկության գործը ժամանակի ամենահրատապ հարցերից մեկն էր: 1915 թ.-ից անապաստան երեխաների համար կազմակերպվում են որբանոցներ` նախ Կարսում, իսկ Կարսի գրավումից հետո նաեւ Ալեքսանդրապոլում: 1915 թ. հոկտեմբերին Ալեքսանդրապոլի գավառում գաղթականների թիվը հասնում է 22.815-ի: Ամենայն հայոց Կաթողիկոս Գեւորգ Ե-ի հովանավորությամբ դեռ 1914 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի թեմի առաջնորդ Արտակ Վարդապետի գլխավորությամբ ստեղծվել էր Ազգային հանձնաժողով` կամավորների եւ ինքնապաշտպանության, գաղթականներին, վիրավորներին օգնող եւ վիճակագրական տեղեկություններ հավաքող բաժիններով: Մեծ թափ են առնում որբախնամ աշխատանքները: 1915-17 թթ. Ալեքսանդրապոլում բացվում է 8 որբանոց, որտեղ ապաստանում են 500 արեւմտահայ որբ երեխաներ: Առաջին որբանոցը Ալեքսանդրապոլում բացվում է 1915 թ. նոյեմբերի 20-ին «Երիտասարդական միության» կողմից, որը մեծ դժվարություններով, միայն իր միջոցների հաշվին պահում է որբանոցը մինչեւ 1916 թ. փետրվարը, երբ Ալեքսանդրապոլի մի քանի ընկերություններ` «Եղբայրական օգնությունը», «Երիտասարդական ընկերությունը», «Օրիորդաց կոմիտեն» եւ «Բարեգործական ընկերությունը» միանում են եւ որոշում ստեղծել մեկ միասնական վարչություն, որը կկոորդինացներ աշխատանքները եւ առկա միջոցները: Նորաստեղծ որբանոցը կոչվում էր «Միացյալ ընկերությունների առաջին որբանոց», որտեղ ապրում էին 5-ից 13 տարեկան 30 երեխա: 1916 թ. ապրիլի 25-ին բացվում է «Միացյալ ընկերությունների երկրորդ որբանոցը»` 62 որբերով: 1916 թ. հունիսի 7-ին Բասենի Բաշքեյ գյուղից Ալեքսանդրապոլ տեղափոխված որբերի համար իր առաջին որբանոցն է բացում Կովկասի հայոց բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի ճյուղը: 2-րդ որբանոցը ընկերությունը բացում է 1916 թ. հունիսի 27-ին, որտեղ խնամքի համար ընդունվում են 108 որբեր Սասունից: Երկու որբանոցներն էլ Բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի ճյուղի նախագահ Հակոբ Խաչվանքյանի ջանքերի արդյունքն էին: Իր որբանոցներն է բացում նաեւ Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը կից պատերազմից տուժածներին օգնող հայկական կենտրոնական կոմիտեն: Կոմիտեին պատկանող առաջին որբանոցը բացվում է 1916 թ. ապրիլի 1-ին: Ղեկավար նշանակվում է Հովսեփ Միրզոյանը, իսկ վերահսկողությունը հանձնվում Ալեքսանդրապոլի գաղթականական դպրոցի ուսուցչական խմբին: 1916 թ. հուլիսին նույն խմբի եւ Միրզոյանի վերահսկողությամբ բացվում է երկրորդ որբանոցը: Մինչեւ 1917 թ. սկսում է գործել կոմիտեի բացած 3-րդ որբանոցը: Ալեքսանդրապոլում գործող թվով 8-րդ որբանոցը հատկացված էր զուտ քոսոտ-քաչալներին, զատված էր մյուս որբանոցներից եւ ոչ մի առնչություն չուներ նրանց հետ: 1917 թ. հունվարի 15-ին Լոնդոնի Կարմիր խաչի տիկին Ռոբինզոնի անվան կոմիտեի միջոցներով 8-12 տարեկան 40 սասունցի որբերի համար Ալեքսանդրապոլում մի նոր որբանոց է բացվում, որն անվանվում է «Ռոբինզոն»: Մինչեւ 1917 թ. Ալեքսանդրապոլն ընդունում եւ ճանապարհում է 85-95 հազար գաղթականների: Բուն Ալեքսանդրապոլում 1917 թ. նրանց թիվը հասնում էր 25.754-ի: 1919 թ. հունվարի տվյալներով` Ալեքսանդրապոլի գավառում ապաստանել էին 31.989 թուրքահայ եւ 2.372 ռուսահայ գաղթականներ: «Սակայն որոշ ժամանակ անց ակնհայտ է դառնում, որ Հայաստանի նորաստեղծ կառավարությունը, չնայած թափած ջանքերին, ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել օրեցօր ավելացող գաղթականության խնդիրները,-այս ուղղությամբ կատարած ուսումնասիրություններն է ներկայացնում Շիրակի մարզի Հայագիտական կենտրոնի գիտաշխատող Կարինե Ալեքսանյանը,- ծանր վիճակում գտնվող Հայաստանին օգնության ձեռք է մեկնում Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն: 1919 թ. ապրիլի 28-ին Փարիզում մի կողմից Ամերիկյան օգնության վարչության ներկայացուցիչ Հերբերթ Հուվերի, մյուս կողմից Փարիզի հայկական պատվիրակության ներկայացուցիչ Պողոս Նուբարի եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Ավետիս Ահարոնյանի միջեւ կնքվում է մի համաձայնագիր, որով նախատեսվում էր կանխել սովի հետագա տարածումը Թուրքահայաստանի եւ ՀՀ տարածքում: Ամերիկյան կողմը պիտի 5000 տոննա ալյուր ուղարկեր Հայաստան, ստեղծեր սննդակայաններ, բացեր հիվանդանոցներ, շրջիկ բուժկայաններ, ստանձներ գաղթականների եւ տեղի չքավոր բնակչության խնամատարությունը, կազմակերպեր որբերի հավաքագրումն ու որբանոցների բացման աշխատանքները»: Որբանոցները պաշտոնապես Ամերկոմին են հանձնվում 1919 թ. մայիսի 1-ից: Ամերկոմը պարտավորվում է իր միջոցներով պահել ու դաստիարակել թե Հայաստանի տարածքում, թե նրա սահմաններից դուրս գտնվող բոլոր որբանոցների որբերին, իսկ Կառավարությունն իր հերթին պարտավորվում էր Ամերկոմին տրամադրել շենքեր ու շինություններ եւ հնարավորինս չխառնվել նրա ներքին աշխատանքներին: Ալեքսանդրապոլում Ամերկոմի որբախնամ լայն գործունեության համար հիմք էր հանդիսացել 1919 թ. մայիսի 22-ին Ալեքպոլի քաղաքագլուխ Լեւոն Սարգսյանի եւ Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի տեղի ներկայացուցիչների միջեւ կնքված պայմանագիրը Ալեքսանդրապոլի որբանոցները կոմիտեին հանձնելու վերաբերյալ (ՀԱԱ, ֆոնդ 105,ց-1, գ.2853,թ.153): Ամերկոմի գործունեությունը շարունակվել է նաեւ խորհրդային կարգերի հաստատումից հետո, մինչեւ 1931 թ.: Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի գործունեությունն Ալեքսանդրապոլում Ցարական Ռուսաստանը Թուրքիայի սահմանի մոտ` Կարսում եւ Ալեքսանդրապոլում, իր զորքերի տեղակայման համար մեծածավալ քարե շինություններ էր կառուցել` վարչական, սանիտարաբժշկական, ոստիկանական շենքեր, զորանոցներ, վառելիքի եւ զինամթերքի հսկայածավալ պահեստներ, լվացքատներ, բաղնիքներ, ճաշարաններ ու հացաթխման կետեր, էլեկտրամատակարարման կայաններ: Հենց այդ շենքերն էլ դարձան ապաստարաններ հազարավոր որբ մանուկերի համար: «Միայն Պոլիգոն, Կազաչի պոստ եւ Սեւերսկի կայաններում 1920 թ. սեպտեմբերի դրությամբ պահվում էր 20 հազար որբ: Նրանց տրամադրության տակ կար 170 շինություն, հանգամանք, որ դյուրացնում էր նրանց խնամքի եւ կրթության գործը,- շարունակում է ներկայացնել գիտաշխատող Կարինե Ալեքսանյանը,- Կազաչի պոստի եւ Սեւերսկու որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ Պոլիգոններում` տղաները: Հանրային կրթության նախարարության ստացած զեկուցագրերից երեւում է, որ Պոլիգոնի 10 որբանոցներում եւ նրան կից դպրոցներում որբերի համար լավ պայմաններ են ստեղծվել, ուտելիքը եղել է բավարար, հագուստներն ու անկողինը` մաքուր, երեք հիվանդանոցներում առանձին պահվել են ծանր, վարակիչ եւ արդեն կազդուրվող հիվանդները: Եվ սա նպաստել է, որպեսզի նվազի մահացության թիվը: Ամերիկյան որբանոցները շահեկանորեն տարբերվել են պետության խնամքի տակ գտնվող որբանոցներից իրենց հնարավորություններով ու միջոցներով»: Որբանոցների ղեկավարներից մի քանիսն ամերիկացիներ էին: Ալեքսանդրապոլում որբանոցները կառավարում էին միստր Յարոն, Միշելը, Ֆատլկենը, Ֆեգելը, Ֆիլիպը, տիկին Աշխենը, օրիորդ Սանդուխտն ու Սաթենիկը: Վերջիններս չէին ամուսնացել` իրենց նվիրելով որբ երեխաների դաստիարակության գործին: Որբանոցներից մեկի տնօրենի տեղակալի պարտականությունները ստանձնել էր Մկրտիչ Աճեմյանը` ռեժիսոր Վարդան Աճեմյանի հայրը: Որբերը ապահովված էին սննդով, հագուստով, բժշկական եւ սանիտարահիգիենիկ ուշադրությունը նվազեցնում էր համաճարակների եւ մահացությունների թիվը, որբերը հանրակրթական առարկաներից զատ սովորում էին զանազան արհեստներ, օտար լեզուներ: Դպրոցները համեմատաբար ապահովված էին դասագրքերով, գրենական պիտույքներով, բանիմաց մանկավարժներով: Այստեղ մեծ ուշադրություն էր դարձվում արհեստագործական կրթությանը: Օրինակ` գյումրեցի Ծառուկյանների տոհմապետ հյուսն Հարությունը այդ տարիներին նաեւ որբանոցի արհեստանոցի վարպետն էր եւ իր արհեստն էր սովորեցնում որբերին: Տղաները սովորում էին նկարչություն, ատաղձագործություն, դերձակություն, կոշկակարություն, թիթեղագործություն, կազմարարություն, հյուսնություն, սափրիչություն, երկաթագործություն, կավագործություն, փականագործություն: Պոլիգոնի որբերը սեփական ուժերով կազմակերպած թատերական խումբ ունեին, երբեմն-երբեմն հրատարակում էին շաբաթաթերթ, մասնակցում մանկական երգչախմբի պարապմունքներին եւ այլն: Աղջիկ որբերը հմտանում էին ամեն կարգի տնային գործերի մեջ: Երեխաները օրվա մի մասը անցկացնում էին դպրոցում, մյուս մասը` արհեստանոցներում: Շաբաթ եւ կիրակի օրերին դպրոցներում եւ արհեստանոցներում պարապմունքներ չկային, եւ որբերը զբաղվում էին որբանոցներում մաքրություն անելով, հետեւում անձնական հիգիենային եւ այլն: «Ամերիկացիները նրանց պատրաստում էին ամերիկյան կյանքի համար,- ասում է Կարինե Ալեքսանյանը,-նրանք ստեղծել էին, կարելի է ասել, որբանոց-քաղաք, որը փակ համակարգ էր իրենից ներկայացնում: Երեխաները դրսի աշխարհի հետ չէին շփվում: Ամերկոմի գործունեությունն այդ տարիներին միսիոներական էր, հստակ նպատակ էր հետապնդում, եւ դա շատ էր անհանգստացնում Հայաստանի իշխանություններին»: Ամերիկյան կառավարությունը, ստանձնելով որբերի հովանավորության գործը, նպատակ էր հետապնդում հետագայում լավագույն սաներին տեղափոխել Ամերիկա: Որբերի առաջին խմբաքանակը տեղափոխվում է 1922 թ.: Հետագայում այս գործընթացը կասեցվում է Ալեքսանդր Մյասնիկյանի պահանջով: Երեխաների տեղափոխումը դադարեցվում է: Կարինե Ալեքսանյանն ասում է, որ պատմության այս հատվածը ծածկված է անհայտության քողով` հայտնի չէ, թե որքան որբեր են դուրս տարվել երկրից, ինչ նպատակներով, արդյոք որդեգրման են տրվել, ինչ ճակատագիր են ունեցել տեղափոխված երեխաները: Ամերկոմի գործունեության վերաբերյալ սկսած իր ուսումնասիրություններն ավարտուն չեն լինի, եթե խնդրի այս կողմը շարունակի բաց մնալ, կարծում է Կ. Ալեքսանյանը, միայն թե հայկական արխիվներում շատ ժլատ տեղեկատվություն կա այս ժամանակաշրջանի վերաբերյալ: Պոլիգոնի որբանոցը համարվել է որբանոցների կենտրոնը: Հենց այստեղ էլ կազմակերպվում է 11-ամյա դպրոց, որի բազայի վրա 1925 թ. ստեղծվում է մանկավարժական ուսումնարանը: Պոլիգոնի որբանոցը նաեւ սպորտի լավագույն օջախ էր, գործում էին բասկետբոլի, ֆուտբոլի, լողի եւ այլ խմբակներ: Որբերի ֆիզիկական դաստիարակության գործը ղեկավարում էր որբանոցների ղեկավարության կողմից 1920 թ. Կոստանդնուպոլսից հրավիրված Վահան Չերազը: Նա բարձրագույն կրթությամբ բազմակողմանի, զարգացած անձնավորություն էր, տիրապետում էր մի քանի օտար լեզուների: Չերազը լավատեղյակ էր սկաուտական շարժմանը եւ նրա նախաձեռնությամբ Կազաչի պոստում ստեղծվում է Սկաուտական կազմակերպություն, որում ընդգրկվում են տարբեր տարիքի 180 որբեր: Սկաուտներն օգնում էին թույլերին, կարիքավորներին եւ շատ օրինակելի էին: Նրանց մի մասը բնակվում էին գյումրեցի մեծահարուստ Խալաթովենց տանը, իսկ մնացած մասը` իրենց հատկացված շտաբի շենքում: Չերազի նախաձեռնությամբ էլ Ալեքսանդրապոլում ստեղծվում է առաջին ֆուտբոլային թիմը, եւ 1922-ից սկսած` ֆուտբոլը քաղաքում մեծ վերելք է ապրում: Նախքան ֆուտբոլի քաղաքային խաղադաշտի ստեղծումը, մրցումները տեղի էին ունենում Կազաչի պոստի, Պոլիգոնի, Սեւերսկու փոքրիկ անմշակ դաշտերում: Ֆուտբոլի թիմը համալրում էին ժամանակի հայտնի անուններ Ցոլակ եւ Թռչնակ Հայկազյանները, «Ճապ»` Գեւորգ Աբրահամյանը, Բաղդիկ Մովսեսյանը, Սերոբ Դեմիրճյանը (Կարեն Դեմիրճյանի հայրն էր), որին «Մալական Սերոբ» էին անվանում: Իր գոյության 8 տարիների ընթացքում որբանոցի ֆուտբոլային թիմը երբեւէ պարտություն չի կրել` մասնակցելով նույնիսկ Անդրկովկասի մրցույթներին: Վահան Չերազի հետ կապված մի ուշագրավ պատմություն կա: 1922 թ. տեղի ոստիկանությունը ահազանգ է ստանում այն մասին, թե իբրեւ սկաուտների մոտ զենք կա թաքցրած: Այդ կապակցությամբ կալանավորում են Չերազին եւ տեղափոխում ներկայիս «Գյումրի» ռեստորանի շենք, որը նախկինում պատկանել է Չեկային: Սակայն կալանավորումը երկար չի տեւում: Ոստիկանությունը ամերիկյան իշխանությունների եւ որբանոցի ղեկավարության բողոքների հիման վրա ստիպված է լինում բաց թողնել Չերազին: Սկաուտները, տեղեկանալով Չերազի ազատման օրվա եւ ժամի մասին, վաղ առավոտյան կանոնավոր շարքերով հավաքվում են Չեկայի դռան առաջ: Չերազին դուրս են բերում, սկաուտները նրան բարձրացնում են իրենց ուսերին եւ անգլիական քայլերգի հնչյունների ուղեկցությամբ տանում քաղաքային զբոսայգու հրապարակ, որտեղից էլ` Աբովյան եւ Տերյան փողոցների հատույթում գտնվող 45 համարի առանձնատունը (այստեղ էր բնակվում Վահան Չերազը): Ալեքսանդրապոլի որբանոցներում կարեւորվում էր նաեւ որբերի հոգեւոր դաստիարակությունը: Եկեղեցական խորհրդի միջնորդությամբ եւ ամերիկյան կառավարության համաձայնությամբ որբանոցների հոգեւոր դաստիարակ է նշանակվում քահանա Տեր Հովսեփ Հարությունյանը: Վերջինս որբերի շրջանում հոգեւոր դաստիարակության գործը լավագույն կերպով կազմակերպելու համար արժանանում է Ամերիկյան կառավարության ոսկե խաչին: Իսկ թեմի առաջնորդի եւ երեսփոխանական խորհրդի միջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանի 1922 թ. նոյեմբերի 11-ի թիվ 643 կոնդակով նրան շնորհվում է ոսկյա լանջախաչ եւ ծաղկե փիլոն կրելու իրավունք: Որբանոցները գոյատեւում են մինչեւ 1927-29 թթ., երբ բացվում են Լուկաշինի անվան մանվածքային ֆաբրիկան ու Տեքստիլ կոմբինատը, արդեն չափահաս դարձած որբերի մի մասն աշխատանքի են անցնում այնտեղ: «Այդ թվերին որբանոցների ղեկավարությունը սկսեց քիչ-քիչ որբերին դուրս թողնել: Ու շատերի համար դա վերածվում էր ողբերգության: Նրանք, ճիշտ է, կրթված էին, արհեստներ գիտեին, սակայն չգիտեին, թե ինչ բան է իրական կյանքը, չկար աշխատանք, եւ շատերը սկսեցին գողությամբ զբաղվել, փողոցներում մուրացկանություն անել: Սա, իրոք, մեծ հարված էր շատ որբերի համար,- ասում է Կարինե Ալեքսանյանը,- փաստորեն հազարավոր այդ որբերից շահում էին նրանք, ովքեր հարազատներ ունեին եւ կարող էին վերադառնալ նրանց մոտ, ինչպես մեր քաղաքում Սուքիասյան քույրերը ու նրանց նման էլի շատ որբեր: Ամենայն հավանականությամբ, շահեկան դրության մեջ են եղել նաեւ Ամերիկա տեղափոխված որբերը, որոնց մասին պատմությունը լռում է, սակայն շատ-շատերը հայտնվել են շոկի մեջ, երբ լքել են որբանոցի սահմանները»: Լուսանկարները` Մելվիլ Չեյթերի (Melville Chater) Հոդվածը պատրաստելուն աջակցել է Շիրակի մարզի Հայագիտական կենտրոնը եւ գիտաշխատող Կարինե Ալեքսանյանը Երանուհի Սողոյան

No comments: