Friday, May 7, 2010

ԻՆՉՈՒ ՀՅԴ ՉԳՐԱՎԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ

Lragir.am-Մայիսի 7-ին Վահան Շիրխանյանին լրագրողները ասել են, թե ՀՅԴ անդամներից մեկը, ով Շուշիի ազատագրմանն է մասնակցել, հայտարարել է, որ “Լեւոն Տեր-Պետրոսյանը խելք չունեցավ, որ այն ժամանակ Նախիջեւանն էլ գրավվեր”: “Նախիջեւանը գրավելու համար այն ժամանակ բավարար էր ընդամենը մի ջոկատ: Իսկ ՀՅԴ-ն չուներ այդ ջոկատը: Այն ժամանակ անկառավարելի ջոկատները թափառում էին Հայաստանի ամբողջ տարածքում: Այդ թվում ամենաանկառավարելի ջոկատները ՀՅԴ-ի ջոկատներն էին: Իսկ Նախիջեւանը գրավելու համար պետք էր ընդամենը մեկ ջոկատ: Թող մտնեին գրավեին, էդ էլ կլիներ նրանց վաստակը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոհեմությունը, այդ պահին, ես կարծում եմ, կայանում էր նրանում, որ ինքը շատ լավ պատկերացնում էր, թե ինքն ինչպիսի վիճակի մեջ կդնի Հայաստանը, եթե ունենա երկու-երեք ճակատ”, ասում է Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, եթե պետությունը քայլ կատարեր Նախիջեւանի ուղղությամբ, ապա դա կլիներ անմարսելի: “Եթե դա պետությունն էր անում, մի բան է եթե պետությունը մտնում է Նախիջեւան, ուրիշ բան է, երբ որ անկառավարելի ջոկատը մտնում է այդ տարածք, ժողովուրդը փախչում էր այնտեղից, սահմանները ջարդել էին դեպի Պարսկաստան, Թուրքիա, չէ, համարյա ժողովուրդ չէր մնացել, կանգնած էր սովետական 75-րդ դիվիզիան, Թուրքիայի սահմանը փակել էր, եւ այն ժամանակ կարելի էր ամբողջը մարսել ինչ որ կերպ: Իսկ եթե պետությունը դա աներ, դա անմարսելի էր լինելու”, ասում է պաշտպանության նախկին փոխնախարար Շիրխանյանը: Ի դեպ, նա ասել է նաեւ, որ 1992 թվականին Հայաստանում այնպիսի իրավիճակ էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող տեղյակ չլինել Շուշիի գրավումից: Իսկ թե արդյոք Տեր-Պետրոսյանը, երբ 1992 թվականի մայիսի 8-ին Իրանում էր, գիտեր, որ ազատագրվելու է Շուշին, Վահան Շիրխանյանը չի ցանկանում ասել, չի ցանկանում խոսել այդ մասին, նշելով, թե պետք է սպասել, մինչեւ Տեր-Պետրոսյանն ինքը կգրի իր հուշերը: Իսկ Շուշիի գրավումը Շիրխանյանը գերկարեւոր համարելով ասում է, որ եթե Շուշին չազատագրվեր, Ղարաբաղում այսօր հայ չէր մնա: Նա ասում է նաեւ, որ Շուշին նաեւ մշակութային առոմով ամենահայկական քաղաքներից մեկն է ու այն չէր կարելի թույլ տալ, որ մնար ադրբեջանցիների ձեռքին:

No comments: