Tuesday, May 25, 2010

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ` ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲԱՐԻՔՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՈՎ

«Լրագիր» 25-5-2010- Ինչ խօսք, վերջին մի քանի տարւայ ընթացքում ասենք, թէ ոչ շատ բարեկամական յարաբերութիւններ ունեցող Ռուսաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնները, քաղաքական սառը մրցակցային դրութիւնից թեւակոխել են աշխարհաքաղաքական ֆինանսական յարաբերութեանց նոր ձեւաւորւած համակարգի կանոնների թելադրանքի ոլորտը եւ ստացել են տնտեսա-էներգետիկական շահերի պահպանման եւ փոխգործակցութեան որակական նոր փուլ: Ռուսաստանի իշխանութեան գլուխ բարձրացած գործնապաշտ դպրոցի սակաւապետութեան ղեկավարները յենւելով նաւթա-գազային աղբիւրների վաճառքից գոյացած խոշոր հարստութեան վրայ` աստիճանաբար փորձում են միջազգային յարաբերութեան ասպարէզում ամրագրել Ռուսաստանի երբեմնի կորած դիրքն ու ազդեցութիւնը, ուստի` կարող ենք եզրակացնել, որ Կրեմլի ներկայ իշխող տեխնոկրատ պետվարչական ղեկավարութիւնը Ռուսաստանի ազգային անվտանգութեան եւ աշխարհա-քաղաքական հայեցակարգը կառուցել են էկոէներգետիկ եւ միջազգային տնտեսական համակարգի մէջ ակտիւօրէն ինտեգրւելու նուրբ դիւանագիտական հիմքերի վրայ: Այդ իմաստով` հնարաւոր է ենթադրել Ռուսաստան-Թուրքիա սերտաճող յարաբերութիւնները, որոնք շարունակաբար յաջորդում են երկու տէրութիւնների բարձրաստիճան ղեկավարների եւ պետական պատւիրակութիւնների հանդիպումներին` Անկարայում կամ Մոսկւայում, ոչինչ չեն նշանակում բացի այն, որ Կրեմլի ղեկավարութեան եւ նրանց թիկունքում կանգնած էներգետիկ սակաւապետութեան գործարարների հայեացքով Թուրքիան դիտւում է որպէս յուսալի գործընկեր` էներգետիկայի եւ էներգափոխադրման ոլորտներում: Ուշագրաւ է, որ քաղաքական փորձագէտների կարծիքով` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւի վերջին պաշտօնական այցը Թուրքիա, ինչպէս ռուս-թուրքական բարձրաստիճան տնտեսա-քաղաքական պատւիրակութիւնների լայն շփումները, եւս կենտրոնացած էր երկկողմ համագործակցութեան էներգետիկ, ատոմական էներգակայանի կառուցման եւ առեւտրա-տնտեսական թեմաների շուրջ: Սակայն, չպէտք է մոռանալ, որ կողմերը չեն մոռացել անդրադառնալ տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքական եւ անվտանգութեան կապւող հարցերին: Յատկանշական է, որ այցի շրջագծում ձեւաւորւել է բարձրագոյն մակարդակի համագործակցութեան խորհրդի կազմաւորման մեխանիզմ, որին նախագահելու են` Ռուսաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը: Եթէ ընդունենք, որ Թուրքիան Միջին Արեւելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ամենազօրեղ եւ վստահելի դաշնակիցն է համարւում, ուստի` նման մակարդակի խորհրդի կայացումը Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարների միջեւ չի կարող չանհանգստացնել Վաշինգտոնին: Սա այն դէպքում, երբ Միջին Ասիայի եւ Կովկասեան տարածաշրջաններում աստիճանաբար թուլանում են ԱՄՆ-ի դիրքերը եւ դրան փոխարինում է Ռուսաստանի հերթական քաղաքական-տնտեսական գրոհը, յատկապէս` Կիրգիզստանում, Ուկրայինայում եւ Վրաստանում: Իսկ միւս կողմից բոլորին յայտնի է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով Ռուսաստանի դիրքերն ու տեսակէտները որոշակիօրէն տարբերւում են ԱՄՆ-ի ու նրա արեւմտեան դաշնակիցների որդեգրած քաղաքականութիւնից: Ներկայ դրութեամբ` Ռուսաստանի համար խիստ կարեւորութիւն ունի ՙՀարաւային հոսք՚ գազատարի խողովակաշարի նախագիծը շուտափոյթ կերպով իրագործել, որի շահարկումը մեծ հնարաւորութիւն կընձեռի Մոսկւային ապագայում ճնշում բանեցնել եւրոպական երկրների վրայ, միջազգային ասպարէզում եւ էներգետիկ անվտանգութեան ոլորտում իր կամքը պարտադրելու նպատակով: Այսպիսով` Մեդւեդեւի այցը Սիրիա եւ Թուրքիա եւ նշեալ երկրների մայրաքաղաքներում պետական պատւիրակութիւնների միջեւ ստորագրւած տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, զբօսաշրջիկութեան եւ անվտանգութեան համագործակցութեան համաձայնագրերը ենթադրել են տալիս, որ Մոսկւան վճռականօրէն որոշել է վերադառնալ Միջին Արեւելքի աշխարհա-քաղաքական մրցակցութիւնների ասպարէզ: Անշուշտ, ռուս-թուրքական յարաբերութեանց զարգացման գործում կարեւոր դեր է խաղում էներգետիկ գործօնը: Ռուսաստանի կարողականութիւնը` ռազմական, էներգետիկ եւ ատոմական էներգիայի մատակարարման բնագաւառներում, հիմնական առանցքներ են կազմում Միջին Արեւելքի երկրների համագործակցութեան ծաւալմանը` Ռուսաստանի հետ: Այս համատեքստում պէտք է աւելացնել, որ նկատի առնելով Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերականգնման դիւանագիտութիւնը եւ սահմանների վերաբացման ծրագիրը համարեա փակուղի է մտել եւ ԱՄՆ-Ադրբեջան միջպետական յարաբերութիւնները վերջերս ամենասառն վիճակի են մատնւել, ուստի` դժւար չէ կռահել, որ Ռուսաստանն ու Թուրքիան յարմար առիթից օգտւելով փորձում են երկկողմ յարաբերութիւնների առաւել աճով ամրագրել իրենց աշխարհա-քաղաքական դիրքերը` Միջին Արեւելքի տարածաշրջանում: Քանի որ Թուրքիային հետաքրքրում է ԼՂՀ-ի հակամարտութեան կարգաւորման գործընթացն ու Իրանի ատոմական ծրագրի հանգուցալուծման պարագան, ուստի` Անկարան իր միջնորդական ծառայութիւնն է առաջարկել Արեւմուտքին եւ Իրանին, նաեւ հարաւկովկասեան հակամարտութիւնների հարցով զբաղւող կառոյցներին: Հէնց այս նկատառումներից ելնելով` Թուրքիան քաջ գիտակցում է, որ վերոնշեալ քաղաքական բարդ խնդիրների լուծման գլխաւոր բանալին Ռուսաստանի ձեռքում է գտնւում, ուստի` թուրք դիւանագէտները յատուկ ուշադրութեամբ են մշակել Մոսկւա-Անկարա բազմակողմ յարաբերութիւնների եւ համագործակցութիւնների զարգացման խորամանկ ծրագիրը: Հարկ է նշել, որ Թուրքիան իր տնտեսա-քաղաքական եւ անվտանգութեան շահերից ելնելով` հետաքրքրւած է Միջին Արեւելքի, իսկ մասնաւորաբար Սիրիայի եւ Իրանի կայունութեան պահպանման հարցերով: Ուստի` Անկարան ճարպկօրէն փորձում է խուսանաւել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից Իրանի դէմ գործադրւող տնտեսական պատժամիջոցների միջազգայնօրէն վաւերացման եւ գործադրման պարտաւորութիւնից: Անշուշտ, Թուրքիայի որդեգրած այս երկդիմի քաղաքականութեան գինը Ադրբեջանի Հանրապետութիւնն է վճարում, որի յարաբերութիւնները թէ ԱՄՆ-ի, եւ թէ նոյնիսկ Իրանի հետ սառել են: Թուրքիայի միջինարեւելեան նկրտումների պերճախօս վկան Թուրքիայի արտգործնախարարի հնչեցրած վերջին արտայայտութիւնն է: Դաւութօղլուի կարծիքով` Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը Հարաւկովկասեան տարածաշրջանում համընկնում են, եւ խաղաղութեան հաստատումը շահաւէտ է ե°ւ Ռուսաստանի, եւ Թուրքիայի, եւ համաշխարհային հանրութեան համար: Նա նշել է, որ Թուրքիան մտադիր է տարածշրջանում ՙհոգեբանական յեղափոխութիւն՚ իրականացնել, ինչպէս դա արւեց Բալկաններում: “Մեր օգնութեամբ այս տարածաշրջանը դարձեալ կը դառնայ կայուն ու բարգաւաճող շրջան”,- ասել է նա: Նկատի առնելով թուրք դիւանագէտների “համարձակ” արտայայտութիւնները` Պաղեստինի ժողովրդի հանդէպ Իսրայէլի կատարած ոճրագործութիւնների վերաբերեալ, եւ նրանց կրաւորական դիրքը Իրանի նկատմամբ կիառւելիք հաւանական պատժամիջոցների հարցով, որը մեծ հիասթափութիւն է առաջացրել ամերիկա-սիոնիստական շրջանակներում, ուստի` արեւմտեան ընկերութիւնները խուսափում են էներգետիկայի եւ յատկապէս միջուկային ատոմակայանի կառուցման գործով խոշոր ներդրում կատարել Թուրքիայում: Ահաւասիկ, ստեղծւած դրութիւնից լաւագոյնս օգտւել է Ռուսաստանը, որի նախագահի այցի շրջագծում համաձայնագրեր ստորագրւեցին Թուրքիայի Մերսին նաւահանգստի մերձակայքում ռուսական ընկերութիւնների միջոցով կառուցւելիք ատոմակայանի շուրջ: Եթէ հաշւի առնենք, որ ռուս-թուրքական բանակցութիւններում էներգետիկ հարցերի քննարկումը մեծ նշանակութիւն է ունեցել երկու երկրների բարձրաստիճան դիւանագէտների համար, կարող ենք յստակօրէն ասել, որ նկատի առնելով Ռուսաստանի ձեւակերպումները` հարաւկովկասեան հակամարտութիւնների հանգուցալուծման, ի մասնաւորի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մոսկովեան առաջարկների հետ կապւած, որով Ռուսաստանը յանուն տնտեսական համագործակութեան չի պայմանաւորւի Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին բարենպաստ ռազմավարական տեղաշարժերի գնալ Ղարաբաղեան կարգաւորման հարցում: Ուստի` կարող ենք եզրակացնել, որ ռուս-թուրքական համագործակցութիւններն ընթանում են միանգամայն էներգետիկ եւ առեւտրա-տնտեսական ֆոնի վրայ եւ չունեն ռազմավարական հաշւեկշռի ձեւակերպման լուրջ բնոյթ: Այստեղ անհրաժեշտ է մէջբերում կատարել իրանցի քաղաքական վերլուծաբան Բահրամ Ամիր Ահմադեանի մեկնաբանութիւնն այն մասին, թէ Իրանի ատոմական ծրագրի շուրջ ստեղծւած Թեհրան-Արեւմուտք անհամաձայնութիւնների ծիրում Թուրքիան փորձում է միջնորդական դերում հանդէս գալ: Այս երկիրը տարբեր լարերի վրայ է խաղում եւ իր շահերն է հետապնդում: Թուրքերը մտահոգւած են նրանով, որ Իրանի ատոմական ծրագրի թղթածրարի բացասական հետեւանքները նոյնպէս ազդեն Թուրքիայի տնտեսութեան եւ էներգետիկ անվտանգութեան համեմատաբար կայուն իրավիճակի վրայ, ինչպէս նաեւ այս խնդրի յաջող աւարտը կարող է տարբեր հնարաւորութիւններ ընձեռել նրանց: Այդ դիտանկիւնից` Թուրքիան եւ Ռուսաստանը այն տէրութիւններն են, որ թէ Իրանի հանդէպ որդեգրւելիք պատժամիջոցների կարգավիճակից կարող են օգտւել, թէ Արեւմուտք-Իրան համաձայնութեան կայացման դէպքում` իրենց առեւտրա-տնտեսական կապերը պահել Իրանի հետ: ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴԵԱՆ Թեհրան

No comments: