Wednesday, May 26, 2010

Ռուսական դպրոցների վերածննունդ չի լինի. Աշոտյան

Tert.am., 26-5-2010- Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Լեզվի մասին» օրենքում նախատեսված լրամշակումները: Այսպիսով, Հայաստանի հանրակրթական դպրոցների 1 տոկոսը կլինեն օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներ: Ըստ Աշոտյանի՝ նախատեսված 15 դպրոցներից 8-ը կգործեն Երևանում, իսկ 7-ը` մարզերում: «Միևնույն լեզվով կարող է լինել 5 դպրոց։ Ռուսական դպրոցների վերածննդի դարաշրջան չի լինելու», – պարզաբանեց նա։ «Խոշոր խաղացողների» շրջանակում նախարարը նշեց ռուսական և անգլիական դպրոցները։ Իսկ հայագիտական առարկաների դասավանդման ձևն ու ծավալը օտարալեզու դպրոցներում նույնն են մնալու, ինչպես սովորական հանրակրթական դպրոցներում։ «Հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի պատմություն ու հայ կրոնի պատմությունը նույն ծավալով մնալու են որպես հանրակրթական ծրագրի բաղկացուցիչ մաս», - ասաց նա։ Աշոտյանը նշեց, որ օտարալեզու դպրոցները պետական չեն լինելու, այլ կֆինանսավորվեն մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների կողմից։ Ինչ վերաբերում է կրթական աստիճանին, ապա օտարալեզու դպրոցները կբացվեն միջին և տարրական դպրոցների հիմքի վրա, այսինքն՝ 5–րդ դասարանից սկսած։

No comments: