Tuesday, May 18, 2010

Ամպրոպ կապույտ երկնակամարում. գրողները դեմ են օտարալեզու դպրոցների բացմանը

Tert.am. 18-5-2010- Հայաստանի գրողների միությունը դեմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը և ԱԺ-ին կոչ է անում չքննարկել կառավարության ներկայացրած օրինագիծը։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց միության նախագահ Լևոն Անանյանը՝ ԿԳ նախարարության նախագիծը որակելով որպես ամպրոպ կապույտ երկնակամարում։ Ըստ նրա՝ այն փաստարկները, թե օտարալեզու դպրոցն ավելի մրցունակ է, մտացածին է։ Անանայանը նաև կասկած հայտնեց. «Հստակ չգիտեմ, թե նախագծի ջատագովները որքանով են տիրապետում մայրենիին»։ ՀԳՄ նախագահը կառավարությանը խորհուրդ է տալիս քաջություն ունենալ և հետ կանչել օրինագիծը։ Անանյանի համար անընդունելի է այն պատճառաբանությունը, թե օտարալեզու դպրոցները բոլոր դպրոցների 1 տոկոսը կկազմեն։ «Վաղը այդ դպրոցի շրջանավարտը պետք է դառնա մեր հասարակության էլիտան, պետք է ԱԺ մտնի։ Իսկ դա նշանակում է, որ հետագայում օպտարալեզու դպրոցների բազմացման համար լայն ճանապարհ է բացվում, դրանց թիվը կաճի. 1 տոկոսը կդառնա 3, հետո 5 տոկոս և այլն»,- մտահոգություն հայտնեց նա։ Փոխարենը նա առաջարկում է Հայաստանում պետական թարգմանչաց համալսարան բացել։ Բանախոսը նկատում է՝ հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր օտարամոլությամբ։ «Օտարամոլության բացիլը մեր ժողովրդի մեջ միշտ էլ եղել է, հենց համապատասխան մթնոլորտ է ստեղծվում, այդ բացիլը վերազարթնելու ունակություն է դրսևորում։ Այն, որ օտարամոլությունը եկավ և մեզ խեղդեց նախորդ դարի 60-70-ական թթ., դրա վառ ապացույցն է»,- նշեց նա։ Ըստ ՀԳՄ նախագահի՝ անհրաժեշտ է առաջին հերթին պահպանել մայրենին, հետո դռներ ու պատուհաններ բացել օտարի համար։ Հայ դպրոցում պետք է հայեցի կրթություն ստանալ՝ զուգահեռ ուսումնասիրելով այլ լեզուներ։ Անանանյանը նաև նկատեց, որ Հայաստանի կրթական համակարգը շուրջ 20 տարի է, այսպես կոչված, բարեփոխումների զոհն է, նահատակը։ Մենք շարժվում ենք եվրոպական կառույցների թելադրանքով, սակայն ըստ Անանյանի, «մենք ունենք ավանդույթներ, որոնք պետք է Եվրոպան գա ու սովորի, եթե չգա, մենք կմատուցենք»։ ՀԳՄ նախագահը կառավարության այս նախագծում քաղաքական ենթատեքստեր չի ուզում տեսնել. «Չեմ կարծում, թե քաղաքական ենթատեքստ կա, ես չէի ուզի, որ դա այդպես լիներ»։

No comments: