Wednesday, May 26, 2010

ՆԱՏՕ-Ն ՉԻ ԽԱՌՆՎԻ

«Լրագիր» 26-5-2010- Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոն Ռասմունսենի եւ Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ռասմունսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պատկերացնում իր համար այլ դեր Ղարաբաղի հարցում, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին աջակցելը: Այդ մասին հաղորդում է Արմինֆոն: Նա հույս է հայտնել, որ այդ ջանքերը մոտակա ժամանակահատվածում արդյունք կտան, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումները Մինսկի խմբի շրջանակում կշարունակվեն: Պատասխանելով Արմինֆոյի հարցին, թե ինչ դիրքորոշում կորդեգրի ՆԱՏՕ-ն հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, Ռասմուսենը պատասխանել է. “ՆԱՏՕ-ն չի զբաղվում հակամարտությամբ, հակամարտող կողմերի հետ մեր հարաբերությունները գործընկերային են, եւ մենք մեր գործընկերներին կոչ ենք անում գտնել հակամարտության խաղաղ լուծում: Սակայն, ես չեմ տեսնում հակամարտությանը ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության հնարավորություն”: Սերժ Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն իսկապես չի ցանկանում դառնալ ՆԱՏՕ անդամ: “Բայց ես չեմ լսել, ոչ այժմ, ոչ նախկինում, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես դեր չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, հատկապես, եթե հանկարծ իրավիճակը վերածվի պատերազմականի: Հայտնի է, որ Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ են, եւ եվրոպական կառույցները զբաղվում են ինչպես խնդրի լուծմամբ, այնպես էլ մեր հարաբերությունների կարգավորմամբ: ՆԱՏՕ-ն, ինչքան ես պատկերացնում եմ, պատասխանատու է նաեւ Եվրոպայի անվտանգության համար, եւ ինչքան ես հասկանում եմ, Եվրոպան չունի այլ զինված ուժեր, ՆԱՏՕ-ից բացի: Սակայն, իմ խոսքերից չի հետեւում, որ եթե վաղը լինի հակամարտություն, ապա ՆԱՏՕ-ն միանշանակ կմտնի տարածաշրջան: Բայց կարծում եմ, որ իմ ասածը լիովին հասկանալի է”, ըստ Արմինֆոյի ասել է Սերժ Սարգսյանը:

No comments: