Wednesday, May 26, 2010

Լեռնային Ղարաբաղի մասին Hurriyet–ի հրապարակումը բարկացրել է Բաքվին

Tert.am., 26-5-2010- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվության ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը, ի պատասխան թուրքական Hurriyet Daily News պարբերականում «Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքը նոր խորհրդարան է ընտրում» վերնագրով հրապարակմանը, բողոքի նամակ է հղել՝ պաշտոնական Բաքվի դիրքորոշման պարզաբանումներով։ Նամակում նշվում է, որ 2010թ. մայիսի 23-ին պարբերականի օնլայն տարբերակի «Թուրքիա/դիվանագիտություն» բաժնում լույս տեսած հրապարակման մեջ ԼՂ-ն ներկայացված է որպես «վիճահարույց» տարածք, ինչը, Բաքվի կարծիքով, «տարածքային ամբողջականության միջազգային իրավունքի սկզբունքի խախտում է»։ Ինչպես հայտնում է 1news.az-ը, նամակում ասվում է նաև, որ Ադրբեջանը երբեք չի ընդունել, և ավելին, «երբեք չի խաբվի ընտրությունների քողի տակ Հայաստանի քաղաքական անվանարկումներին»։ Նամակում նաև նշվում է, որ Ադրբեջանի տվյալ դիրքորոշումը ենթակա չէ քննարկումների և չի փոփոխվի, այնուամենայնիվ, «Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը կառուցողական մթնոլորտում՝ գործելով հանդուրժողաբար և մասնակցելով հայկական կողմի հետ երկխոսությանը»։ Նշվում է նաև, որ «Ադրբեջանը չի շարունակի խաղաղ բանակցություններն ի վնաս իր տարածքային ամբողջականության և չի ընդունի որոշումներ Հայաստանի կողմից պարտադրվող ստատուս քվոյի հիման վրա»։

No comments: