Wednesday, May 26, 2010

«ԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՎԱԾ» ԴԻՊԼՈՄՆԵՐ

Դրանք «պատմում» են ոչ միայն ուսանողի առաջադիմության, այլեւ ՀՀ կրթահամակարգի մասին Այս տարվանից ՀՀ բուհերն ուսանողներին կտրամադրեն նոր նմուշի դիպլոմներ՝ «եվրոպականացված» հավելվածով: Այն մշակվել է Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Հավելվածը պիտի նպաստի դիպլոմների հեշտընթերցմանը, ճանաչմանը, շարժունակությանը: Նման դիպլոմների տրամադրումը նաեւ Բոլոնիայի գործընթացի պահանջներից է: ՀՀ-ում մշակվել եւ հաստատվել է նման դիպլոմների տրամադրման կարգը: Հավելվածներով դիպլոմներն այս տարի կստանան բակալավրիատի շրջանավարտները, բայց քանի որ միայն երկու տարի հետո կունենանք կրեդիտային համակարգով բակալավրիատն ավարտած շրջանավարտներ, ուստի նրանց, «նորաթուխ» դիպլոմներին զուգահեռ, կտրամադրվի նաեւ հին նմուշի դիպլոմ: Այս նորամուծությունների մասին «Առավոտը» զրուցեց ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի հետ: Նա տեղեկացրեց. «Հավելվածով դիպլոմը ոչ միայն տեղեկություն է տալիս ուսանողի եւ նրա ուսումնասիրած ծրագրի, այլեւ տվյալ երկրի կրթական համակարգի մասին: Դրանք երկլեզու են՝ տվյալ երկրում ուսումնառության եւ Եվրոպայում ճանաչված լեզուներով, որը մեր պարագայում անգլերենն է»: Մեր այն դիտարկմանը՝ արդյո՞ք նոր նմուշի դիպլոմների հավելվածները հակասության մեջ չեն մտնի գործող ուսումնական պլանների հետ, պրոռեկտորը պատասխանեց. «Չեմ կարծում, քանի որ հավելվածն ուժի մեջ է միայն դիպլոմի առկայության դեպքում»: Ա. Գրիգորյանը վերջերս Կիեւում մասնակցել էր նաեւ բուհական կրթության կառավարման հիմնախնդիրներին նվիրված աշխատաժողովներին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի մասնակցությամբ: Արդյունքում եկել է այս եզրակացության. «Բոլոնյան գործընթացով պայմանավորված բարեփոխումների՝ կառավարման ոլորտում ընթացքի առումով այս երկրների շարքում Հայաստանը բավականին լավ է նայվում՝ ակադեմիական ազատությունների, ուսումնական պլանների, ծրագրերի մշակման, մարդկային ռեսուրսների կառավարման առումով»: Այդուհանդերձ, պարոն Գրիգորյանին հիշեցրինք այն, որ դեռ շատ գիտնականներ, այդ թվում՝ ԵՊՀ պրոֆեսորներ, կարծում են, որ բոլոնյան գործընթացին ՀՀ-ի միանալը մեր երկրին պատիվ չի բերում, քանի որ գործընթացին միացել են տարբեր երկրների ոչ հեղինակավոր բուհեր, իսկ աշխարհում հայտնի հեղինակավոր մասնավոր բուհերն այդ շարքում չկան: Պրոռեկտորը պատասխանեց. «10 տարի հետո էլ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ ճիշտ չէր անդամակցելը: Ցանկացած ոլորտում բարեփոխում իրականացնելիս էլ դա լինում է: Ինչ վերաբերում է հարցի մյուս հատվածին, ապա գործընթացին անդամակցում է ոչ թե համալսարանը, այլ տվյալ երկրի կառավարությունը: Բայց 2005-ից առաջ էլ, մինչեւ անդամակցելը, մեր բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքը հիմնականում համապատասխանում էր բոլոնյան գործընթացի պահանջներին, այսինքն, քննարկել՝ արժե՞ անցնել կրեդիտային համակարգի ներդրմանը, թե՝ ոչ, անիմաստ զբաղմունք է, քանի որ համակարգի ներդրման ժամկետը հստակ սահմանվում էր նշված օրենքում»: Մեր այն դիտարկմանը, թե խոսում ենք հայաստանյան բուհերի տված դիպլոմների եւ կրեդիտների՝ եվրոպական երկրների կողմից փոխճանաչելիության մասին, այնինչ անգամ ՀՀ-ի բուհերը դեռ չեն ճանաչում հայաստանյան մյուս բուհերի տված կրեդիտները, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հարցը պիտի լուծվի համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, միջբուհական համաձայնագրերի շրջանակներում: Այժմ աշխատում է ԿԳՆ-ի կողմից ստեղծված հանձնաժողով, որի նպատակն է վերլուծել կրեդիտային համակարգի ներդրման ընթացքը տարբեր բուհական հաստատություններում»: Հետաքրքրվեցինք՝ նորմատիվ ակտերն ինչո՞ւ մինչեւ ծրագրի իրականացումը չեն մշակվել: Պրոռեկտորը պատասխանեց. «5 տարի առաջ կրեդիտային համակարգի մասին հստակ պատկերացում քչերն ունեին: Ուստի դա անել հնարավոր չէր: Այդուհանդերձ, մեզ մոտ կրեդիտային համակարգի ներդրումը ավելի հասկանալի է, միատեսակ, քան, օրինակ, ռուսական կրթական համակարգում, որտեղ դա դեռ արվում է առանձին բուհերի մակարդակներով...»: Հ. Գ. «Օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնության մասին էլ ԵՊՀ պրոռեկտորն ասաց. «Աղմուկն ավելի շատ է, քան խնդիրը: Իմ կարծիքով, եթե ըստ նախագծի՝ դրանց թիվը չպիտի գերազանցի 1%-ը, ապա դրա մեջ կատաստրոֆիկ վատ բան չեմ տեսնում, եւ այն հիմնավորումները, որ բերում են այդ առաջարկը ներկայացնողները, բավականին իրատեսական են: Այստեղ մեր ազգային դպրոցին սպառնացող լուրջ վտանգ չեմ տեսնում»: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Առավոտ» 25-5-2010

No comments: