Wednesday, May 26, 2010

Իրանը կճանաչի հայաստանյան երեք բուհերի դիպլոմները

Tert.am. 26-5-2010- Մայիսի 21-25-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում աշխատանքային այցով եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես այսօրվա ասուլիսին նշեց նախարարը՝ գիտության և կրթության ոլորտի մի շարք հարցեր, այդ թվում՝ հայկական բուհերի դիպլոմների ընդունվելու հարցը, լուծում են ստացել։ Ինչպես նշեց նախարարը՝ իրանական կողմը ճանաչելու է հայկական 3 բուհերի՝ ԵՊՀ-ի, Հերացու անվան բժշկական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հանձնած դիպլոմները։ Նախարարը նշեց, որ այդ հարցն ամբողջությամբ հանգուցալուծվել է Իրանի գիտության և տեխնոլոգիաների նախարարի հետ հանդիպման ժամանակ և վերջնականապես կլուծվի մինչև ակադեմիական տարվա սկիզբը։ Աշոտյանը հայտնեց, որ շուտով Հայաստան կժամանի իր իրանցի գործընկերը և հիշյալ հարցի քննարկման նպատակով կհանդիպի նշված բուհերի ռեկտորների հետ։ «Այդ հարցի լուծումը հնարավորություն կտա Իրանից նոր ուսանողներ ունենալ և նվաճել նոր շուկաներ»,- ասաց նախարարը։ Աշոտյանը տեղեկացրեց, որ մինչև այդ համաձայնագիրը ստորագրելը իրանական կողմը պատրաստ է Հայաստանին տրամադրել 10 կրթաթոշակ՝ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար։ Ըստ նախարարի՝ այդ կրթաթոշակները կուղղվեն իսլամագիտության և արևելագիտության ոլորտներին։ Իրանյան այցի ժամանակ Հայաստանի կրթության նախարարն առաջարկել է կազմակեպել համատեղ ամառային ճամբարներ իրանցի և հայ աշակերտների համար, կազմակերպել օլիմպիադաներ։ Նշեք, որ այց ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։

No comments: