Wednesday, May 26, 2010

ԻՆՉ ԿԱՊԱՑՈՒՑԻ ՀՅԴ-Ն

Սարդարապատ շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը մայիսի 26-ին որոշ մանրամասներ է ներկայացրել Եվրախորհրդարանի 2216 բանաձեւի նախապատմության կապակցությամբ, ասելով, որ բանաձեւի նախագիծը Եվրախորհրդարանին բուլղարացի Եվգենի Կիրիլովը ներկայացրել է հունվարի 11-ին եւ այդ նախագծում եղել են հայանպաստ ձեւակերպումներ, մինչդեռ մինչ ապրիլի 23-ը, երբ բանաձեւն ընդունել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովը, այն ենթարկվել է հայկական կողմի համար բացասական փոփոխությունների: “Ես չեմ կարող բացառել, որ եվրոպական եւ միջազգային մեծ քաղաքականությունը ունեցել է իր նկատառումները եւ առանց ուրիշների միջամտության ինքն է ցանկացել փոփոխություններ մտցնել նախնական նախագծի մեջ, բայց չի կարող համոզված չլինել, որ այդ ընթացքում, հունվարից մինչեւ ապրիլի 23-ը, այդ 3 ու կես ամիսների ընթացքում, ադրբեջանական եւ թուրքական կողմն իրենց համար կատարել են հիանալի աշխատանք, իսկ մեր դիվանագիտությունը եւ պաշտոնական պետական դիվանագիտությունը, եւ խորհրդարանական դիվանագիտությունը, եւ լոբբին հայկական, եւ ոչ մի ապացույց չունեն, մենք հակառակի ապացույցը ունենք, որ նրանք զբաղված են եղել այլ գործառույթներով, պարզ չէ, թե ինչ գործառույթներով, եւ ստացվել է այն, ինչ որ ստացվել է”, ասում է Ալեք Ենիգոմշյանը: Նա զարմանք է հայտնել խորհրդարանի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի այն արտահայտության կապակցությամբ, թե իբր բանաձեւը հայանպաստ դրական տարրեր է պարունակում մասնավորապես հայ-վրացական հարաբերության կապակցությամբ: Ալեք Ենիգոմշյանն ասում է, որ բանաձեւի մեջ հայ-վրացական հարաբերության մասին խոսք չկա: Ենիգոմշյանը զարմանում է նաեւ Դաշնակցության պահվածքի վրա: “Եվգենի Կիրիլովը պատկանում է սոցիալիստական բլոկին` Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության: Եվ առնվազն, եթե Կիրիլովը նույնիսկ ադրբեջանամետ է, կարող էր Սոցինտերնի անդամ Դաշնակցությունը, թեկուզ եւ ոչ ուղղակի Կիրիլովի վրա, Բուլղարիայի կուսակցության վրա սոցիալիստական եւ ընդհանրապես Եվրախորհրդարանի սոցիալիստական բլոկի մեջ աշխատանքներ տանել, որպեսզի այդ բանաձեւը ոչ թե ավելի վատանար մեր նկատմամբ, այլ մի քիչ գոնե բարելավվեր”, ասում է Ալեք Ենիգոմշյանը: Նա ասում է, թե իր համար տարօրինակ է, երբ ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը ասում են, թե բանաձեւը սկզբից ավելի վատն էր եւ Հայ Դատի գրասենյակների եւ ՀՅԴ ջանքով է ինչ որ չափով այդ վատը նվազել: “Ես կարող եմ իմ ասածը ապացուցել, խնդրում եմ, պարոն Ռուստամյանը թող ապացուցի իր ասածը”, հայտարարել է Ալեք Ենիգոմշյանը, նշելով, թե ինքն ունի հունվարի 11-ին հրապարակված նախագիծը, որը տեղադրված է Եվրախորհրդարանի կայքում եւ այդ նախագիծը շատ ավելի հայանպաստ է, քան դրանից 3 ու կես ամիս անց վերջնական ընդունված տարբերակը: “Սա է իրականությունը եւ այդ ամեն ինչը պետք է որակել խիստ վտանգավոր: Եվ գիտեք, այսօր երկու հիմնական իրականություն կա: Մարդ կարող է սխալ գործել, չնայած այս սխալը, բանաձեւն այս աստիճանի հասցնելու սխալը աններելի սխալ է, սա ոչ մի ձեւով ներելի չէ, բայց հետո, փոխանակ ընդունելու սեփական մեղքը, ամբողջովին մեղքը ուրիշների վրա գցել, դա արդեն նշանակում է բարոյականության բացակայություն, եւ նշանակում է, որ այդ մեծ սխալից դասեր քաղելու տրամադրություն գոյություն չունի”, ասում է Ալեք Ենիգոմշյանը: Նրա խոսքով, տեղի ունեցածը համակարգային արատների հետեւանք է, որ կան մեր երկրի բոլոր ոլորտներում: Նա նշում է, որ եթե այս ահազանգից էլ հետեւություններ չարվեն, ապա Հայաստանը կհայտնի իսկապես ծանր վիճակում եւ այդօրինակ բանաձեւերը քանակից արդեն կսկսեն որակ կազմել:

No comments: