Monday, May 17, 2010

ՀՆԱՐԱՎՈ՛Ր Է ՍԵՐՈՒՆԴԸ

«Լրագիր» 17-5-2010ռ Հարյուրից ավելի քաղաքացիներ ուրբաթ օրը կենդանի շղթա կազմեցին Երևանի Ուսանողական այգին պաշտպանելու և ապօրինի շինարարությունները դադարեցնելու համար: Մի կողմ թողնելով այն փաստը, որ ինտերնետում սեփական ներկայությունը հաստատած 500 անձանցից ներկա էին մոտ 100-ը, պետք է արձանագրենք, որ մասնակիցների կազմը շատ բազմազան էր: Ու թերևս քանակից ավելի կարևոր է այն դիրքորոշումը, որի համար միջոցառմանը հավաքվել էին միմյանցից այդքան տարբերվող մարդիկ: Վերջին մի շարք ակցիաների ամենահետաքրքիր հետևությունն այն է, որ մինչ այդ դժգոհում էին, թե քաղաքացիները բավականաչափ ակտիվ չեն, իսկ երբ քաղաքացիներն ակտիվանում են, հանկարծ սկսում են պնդել, որ հաստատ նրանց ինչ որ մեկն օգտագործում է: Ու ստորագրահավաքի կամավորների հետ հանդիպելիս որոշ ԱԺ պատգամավորներ և մտավորականներ տատանվում են ստորագրել և ժամանակ են խնդրում ծանոթանալու խնդրի էությանը` զարմանալով, որ սա ոչ թե որևէ կազմակերպությունից է ֆինանսավորվում, այլ ինչ որ ՀՀ քաղաքացիներ են նախաձեռնել: Այս լայնածավալ ստորագրահավաքները ցույց տվեցին մի շատ կարևոր միտում: Մեր երկրում վերջապես չափահաս է դառնում և ասպարեզ գալիս մի սերունդ, որը փնտրում է գլխավոր հարցերի պատասխանները և իր կյանքը փոխելու մասին հարցին պատասխանում է. «ԱՅՈ, ՀՆԱՐԱՎՈ՛Ր Է»: Սա հաստատ այն էական տարբերությունն է, որը սահմանազատում է նրանց մի ամբողջ խավի մտածողությունից, թե. «ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ՉԻ ՓՈԽՎԻ, ԻՍԿ Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ, Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ»: Մի անօգնական մտածողություն, որով կամ փորձում են զոհել սեփական կարծիքը հանուն նյութական շահի, կամ էլ ԱՄԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ: Այսօր քաղաքական ուժերի մեծ մասը չի ձգտում ամրապնդել քաղաքացիական գիտակցությունը: Դա նրանցից շատերին նույնիսկ ձեռնտու էլ չէ: Բայց գնալով սպառվում են այն փաստարկները, որոնցով հնարավոր է արդարացնել ՃԱՀԻՃԸ: Պատասխանատուները պետք է մտածեն իրենց ապագա տեղի մասին նոր արժեհամակարգում: Այստեղ չի գործում նաև ուժի մեթոդը, քանի որ «փափուկ ուժ» հանդիսացող քաղաքացիական նախաձեռնություններին անհնար և անիմաստ է ուժ հակադրելը: Ակնհայտ դարձավ նաև, որ ճիշտ հարցադրման դեպքում քաղաքացին սկսում է մտածել այն մասին, որ ինքն իսկապես շատ բան է որոշում: Լինի դա Ուսանողական այգու ապօրինի կառուցապատումը, թե մեկ այլ խնդիր: Այլ կերպ ասած օրենքը պետք է աշխատեցնել… Այս առումով երևի թե չկա ավելի վտանգավոր բան, քան «կեղծավոր առաջադիմությունը», երբ աշխարհի բարձրակարգ բուհերում սովորած հայերը վերադառնում են Հայաստան և ասում, որ այստեղ միևնույն է ոչինչ չի փոխվելու: Այժմ հասել ենք այն կետին, երբ մեր երկրում մարդը սկսել է անխնա ոչնչացնել մայր բնությունն ու կանաչ միջավայրը: Երբ մասնավոր շահը կտրուկ հակադրվում է Հայաստանի հանրության շահին, երբ մահը հակադրվում է կյանքին: Երբ Երևանին վերևից նայելիս բետոնե մի կույտ ես տեսնում, որի տակ ճզմված կանաչը հազիվ է շնչում և մարդիկ նույնպես: Տարիներ շարունակ մտավորական վերնախավի ուսերին բազմած «կոռուպցիոն Հայաստանը» հիմնականում գործ է ունեցել հարմարվողական և կաշառվելու պատրաստ անձանց հետ, որոնք էլ մուտքագրվել են այնտեղ ու վախեցել կարծիք հայտնել: Իսկ նորերը հասկանում են, որ զարգացման տանող ճանապարհն անցնում է քաղաքացիական գիտակցության ամրապնդման միջով: Ձևի կամ անհատի փոփոխությունը մեզ չի բերելու մեր նոր ու ազատ Հայաստանը, քանի դեռ մեր ներսում չենք հաղթահարել կաշառվելու վարակն ու չենք միավորվել արժեքներով: Քաղաքացիական քայլերը հրապարակ են բերում շատ լուսավոր մարդկանց ու նրանց լրացուցիչ ինքնավստահություն հաղորդում: Նրանք այն մարդիկ են, ում համար մուտքը դեպի էլիտա միայն ետևի դռնից չի լինում: Սա այն ցանկալի փոփոխությունն է, որի շունչն արդեն օդի մեջ է: Թե՛ ինտերնետում, թե՛ դրանից դուրս քաղաքացիական հանրությունն ընդլայնվում է, իսկ իշխանությունն արդեն ձևը կգտնի մեզ հարմարվելու: Եվ կտեսնենք, որ քաղաքացիական և ուժեղ Հայաստանը ՀՆԱՐԱՎՈ՛Ր Է: ՎԱՀՐԱՄ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

No comments: