Tuesday, May 25, 2010

«Հայաստանը պաշտպանել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի ագրեսիայից»

Aysor.am. 25-5-2010- «Հայկական կողմն ագրեսիայի ոչ ոքի չի ենթարկել, այլ ընդամենը պաշտպանվել է Ադրբեջանի ագրեսիայից»,-ասյօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը` Aysor-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԽ-ի 2216-ի բանաձևը և Իսլամական երկրների լիգայի ԱԳ նախարարների հայտարարությունը, որոնցով այդ երկու կառուցները Հայաստանը «ագրեսոր» են անվանում: «Երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հայտարարեց իր ինքնորոշման մասին, Ադրբեջանը` որպես ագրեսոր պետություն` հարձակվելով Լեռնային Ղարաբաղի վրա, փորձեց ճնշել այդ գործընթացը, և Հայաստանն ընդամենը օգնության հասավ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությանը», - շեշտեց պատգամավորը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նպատակահարմա՞ր է, որ Հայաստանն արդեն ճանաչի ԼՂՀ անկախությունը, ԱԺ պատգամավորն ասաց, որ ներկա պահին նման քայլը կարող է ճակատագրական ազդեցություն ունենալ գործընթացի վրա: «Չեմ կարծում, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը: ԼՂՀ-ն` որպես անկախ պետություն ճանաչելը Հայաստանի կողմից, կդիտվի Ադրբեջանի կողմից` որպես պատերազմի հայտարարում, ինչը լի է անկանխատեսելի հետևանքներով: Հայաստանը ժամանակի ընթացքում կճանաչի ԼՂՀ անկախությունը, համոզված եմ, որ դա կարվի ճիշտ ժամանակին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կատարված աշխատանքը, բանակցային գործընթացն ամբողջությամբ միտված է այդ ճանաչման խաղաղ իրականացմանը»,-ասաց Գ. Մելիքյանը` կարծիք հայտնելով, որ ԼՂ հիմնահարցի կարգավորումն արդեն մոտ է: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թ.-ին, երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի` ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

No comments: