Tuesday, May 25, 2010

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ

Գործողությունների ծրագրի կատարման ընթացքը դրական է գնահատվել «Լրագիր» 25-5-2010- Մայիսի 25-ին կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել է Եւրոպական հանձնաժողովի` Հայաստանի մասին 2009 թվականի տարեկան զեկույցը, ամփոփվել են կատարված աշխատանքները եւ մատնանշվել առկա խնդիրները: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Եվրամիությունը դրական է գնահատել Հայաստան-Եւրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքը, միաժամանակ` հնչեցվել են մի շարք մտահոգություններ, որոնց ուղղությամբ պետք է աշխատել. “Պետք է կարողանանք ապահովել միջոցառումների ծրագրով նախատեսված բոլոր գործողությունների պատշաճ իրականացումը նախանշված ժամկետներում: Կան մի շարք խնդիրներ, որոնք լուծված չեն, որոշ նախարարություններ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողացել իրականացնել իրենց պարտավորությունները: Անհրաժեշտ է այդ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենանք”: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները` արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը ներկայացրել են Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ` խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախատեսվում է հունիսին մեկնարկել եւ մինչեւ տարեվերջ ստորագրել Հայաստան-Եւրամիություն ասոցացման համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

No comments: